Էրդողանի Շուշի մեկնելու օրը ՀՀ բոլոր նախագահները լինեին Ստեփանակերտում. Պողոսյանի առաջարկը
Անվտանգություն բառը դարձել է մոդայիկ, բայց դրա իմաստը, ընկալումը, կենսագործումը պարզապես չեն երևում։ Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը:
Նա մի գաղափարով է հանդես եկել.
"Էրդողանը գնալու է Շուշի։ Թե ինչ է դա իրենց համար և ինչպես կօգտագործեն դա նրանք, կարելի է ենթադրել: Իսկ մե՞նք ինչ ենք անում:
Դե պատկերացրեք, որ այդ նույն օրը ՀՀ բոլոր նախագահները հրավիրվեին Ստեփանակերտ։ Մի անգամ 2019-ի Համահայկական խաղերի համար էի ասել, նաև հիմա եմ ասում` այո´, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արմեն Սարգսյանն այդ նույն օրը լինեն Ստեփանակերտում և իրենց խոսքն ասեն աշխարհի հայությանը` միասնական ռիսկ վերցնելու և միասնական քաղաքական ազգ դառնալու մասին։
Դե հա, էլի կասեք ռոմանտիկ, բայց այդ անվտանգություն ասածը օդից չի նվիրվելու մեզ։ Իսկ եթե նպատակը լինի, վստահ եմ, որ կգտնվեն նաև իրականացման ճիշտ քայլերը։
Անգործությունը երբեք անվտանգություն չի ավելացնում",- գրել է Թևանյանը Facebook-ի իր էջում։
VERELQ-ը հիշեցնում է, որ համաձայն թուրքական մամուլի՝ Էրդողանը Ալիևի հետ Շուշի կմեկնի վաղը, հունիսի 15-ին: