Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ներկայիս նախարար Լևոն Մնացականյանը մեղադրում է նախկին նախարար Սամվել Բաբայանին 1994 թվականին Ադրբեջանին 21 կիլոմետր տարածք հանձնելու համար: Նախկին ու ներկայիս նախարարների միջև հեռակա ծավալվող բանավեճը բավական սուր զարգացումներ է ստանում. Այս մասին գրում է «Ազատությունը»:
Ավելի վաղ տված հարցազրույցում Սամվել Բաբայանը ասել էր, թե ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ հայկական կողմը սխալներ է թույլ տվել, ինչի արդյունքում տարածքներ է կորցրել:
Լևոն Մնացականյանը չի հերքում՝ տարածքներ կորցրել են, բայց Բաբայանին հորդորում է «հիշողությանը զոռ տալ» և վերհիշել, թե ինչպես է ժամանակին հողեր հանձնել:
«Անտարբերությունն էր, թե մերոնք թուլացրել էին դիրքերը, թե ինչ պատճառներ ա եղել՝ դա արդեն նախարարությունը պետք ա հետաքննի ու հասկանա՝ ինչ ա կատարվել իրականության: Փաստը նա ա, որ մի կես ժամ-մի ժամվա մեջ էդ ամբողջ դիրքերը հանձնվել է: Դրանից հետո փորձել ենք վերականգնենք՝ հարձակումներով, որն էլ բերել ա էդ կորուստներին», - հայտարարել էր Բաբայանը:
«Կառաջարկեի վերլուծել 94 թվականի հունվար-փետրվար ամիսներին տեղի ունեցածները, երբ որ նույն հարավային ուղղությամբ մեկ օրվա ընթացքում հակառակորդի ճնշման տակ 21 կիլոմետրից ավել տարածք մեկ օրում հանձնվել ա: Ով ա եղել էն ժամանակ հրամանատարը՝ ձեր կողմից նշված անձնավորությունը», - հակադարձում է Լևոն Մնացականյանը:
«Արցախ TV»-ին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարն անդրադառնում է նաև Բաբայանի այն հայտարարությանը, թե այսօր պաշտպանական համակարգեր չեն ստեղծվում: Մնացականյանը հետևյալ հարցադրումն է անում՝ արդյոք Բաբայանը իր պաշտոնավարման տարիներին ստեղծե՞լ է այդ համակարգերը:
«Եվ բացի դա՝ իր պաշտոնավարման օրոք մենք ունեցել ենք դիրքեր, որոնց միջդիրքային տարածությունը եղել ա ընդամենը 50 մետր: Ապա ինչո՞ւ ա թույլ տվել էդ 50 մետր հեռավորության վրա հակառակորդին դիրքեր տեղադրի», - ասում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության ղեկավարը:
Նախարարը նաև հակադարձում է Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական գործողությունները ոչ թե պատերազմ էր, այլ դիվերսիոն գործողություն: Լևոն Մնացականյանն ընդգծում է՝ եթե քաղաքացիական անձինք դա ասեին, ապա կարելի էր հասկանալ, բայց եթե դա ասում է բանակի նախկին հրամանատարը, ուրեմն՝ նա չի հասկանում՝ ինչ է նշանակում դիվերսիա և ինչ է լայնամասշտաբ հարձակումը:
Անդրադառնալով արդեն Ստեփանակերտի հուշահամալիրում անցած կիրակի Սամվել Բաբայանի ելույթին՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը բավական կոշտ հայտարարություն է անում՝ ասելով, թե Բաբայանի արածը դիվերսիա է Ղարաբաղի դեմ:
«Համարում եմ իր այդ գործողությունները որպես դիվերսիոն գործողություն մեր հասարակության, մեր ինքնիշխան պետության, նրա պաշտպանունակության հանդեպ», - հայտարարում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության ղեկավարը: