23.11.2024
Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում է Հադրութի շրջանում
prev Նախորդ նորություն

Նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Վրաստան կատարած իր պաշտոնական այցի ընթացքում ցուցաբերված ջերմ ընդունելության, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ կառուցողական քննարկումների համար:


Նամակում մասնավորապես ասվում է.


«Լիակատար փոխվստահության և հարգանքի մթնոլորտում կայացած մեր հանդիպումը Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման նոր ուղիներ նախանշեց: Միանգամայն համաձայն եմ, որ մենք պատասխանատվություն ենք կրում հայ և վրացի ժողովուրդների գալիք սերունդների միջև հարաբերությունների ձևավորման համար:


Ուրախ եմ արձանագրել, որ առկա են համատեղ հետաքրքրություններ ու խոստումնալից հեռանկարային փոխգործակցություն նոր տեխնոլոգիաների, կրթու­թյան և գիտության, ենթակառուցվածքների, արհեստական բանականության, էներ­գետիկայի, տրանսպորտի և մի շարք այլ բնագավառներում:


Հավատացած եմ, որ այցի շրջանակներում ձեռք բերված գործնական և արդյունա­վետ պայմանավորվածություններն առավել կխորացնեն մեր երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը՝  ի բարօրություն մեր եղբայր ժողովուրդների»: