25.11.2024
Ուռուցքաբանության նոր կենտրոնի բացումը նորից ձգձգվում է
prev Նախորդ նորություն

Էկվադորի Սահմանադրությունը թույլ է տալիս ճանաչել և պաշտպանել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը

Մայիսի 27-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և Էկվադորի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալ Ռոսանա Ալվարադոն հանդիպումից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարությամբ:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հանդիպմանը քննարկվել է ցեղասպանությունների միջազգային դատապարտման խնդիրը: Շարմազանովը երախտիքի խոսք է հայտնել Ռոսանա Ալվարադոյին Հայոց ցեղասպանության դատապարտման անհրաժեշտության հարցում ցուցաբերած քաղաքացիական և քաղաքական դիրքորոշման համար:

«Մենք կարծում ենք, որ ցեղասպանությունների միջազգային դատապարտումը կարևոր է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ անցյալի ցեղասպանությունները դատապարտվեն՝ չկրկնվելու պայմանով, որովհետև լռությունը և ժխտողականությունը դուռ է բացում նոր ցեղասպանությունների համար, իսկ դատապարտումը փակում է դռները»,- ասել է Շարմազանովը՝ հույս հայտնելով, որ էկվադորցի գործընկերների կողմից կնախաձեռնվի մի գործընթաց, ինչի արդյունքում Էկվադորը կհամալրի այն երկրների շարքը, որոնք կդատապարտեն Հայոց ցեղասպանությունը և, առհասարակ, Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունները:

Նշվել է, որ անթույլատրելի է համարվել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը՝ վերահաստատելով, որ դա որևէ կապ չի կարող ունենալ ժողովրդավարական 21-րդ դարի հետ:

«Մենք դատապարտել ենք Թուրքիայի միակողմանի սատարումը Ադրբեջանի ագրեսիային Լեռնային Ղարաբաղում՝ ևս մեկ անգամ անթույլատրելի և դատապարտելի համարելով Ադրբեջանի իշխանությունների և ադրբեջանական զինուժի ահաբեկչությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ՝ նշելով, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չի կարող ունենալ»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Էդուարդ Շարմազանովը էկվադորցի իր գործընկերներին է փոխանցել հայ զինվորականների և խաղաղ բնակչության նկատմամբ ապրիլի սկզբին ադրբեջանական զինուժի իրագործած վայրագություններն ու խոշտանգումները փաստող նյութեր:

Իր հերթին Ռոսանա Ալվարադոն նշել է, որ Էկվադորի Սահմանադրությունը թույլ է տալիս ճանաչել և պաշտպանել ժողովուրդների ինքնիշխանության և ինքնորոշման իրավունքները, դատապարտել նեոկոլոնիալիզմի բոլոր դրսևորումները և ցեղասպանությունները:

«Մենք չենք կարող մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել՝ հայ ժողովրդի տանջանքները, և մենք պետք է ձեզ հետ կիսենք այդ ցավը, քանի որ դա մարդու իրավունքներին է առնչվում»,- ասել է Էկվադորի խորհրդարանի փոխնախագահը:

Երկուստեք կարևորվել է երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբեր ստեղծելու նախաձեռնությունը: