Այս իշխանությունը որևէ զիջման չի գնացել, և ինչպես Շուշին ընկավ, այդպես էլ ինքն է ընկնելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ինքն այնքան է ձգելու, որ ոչ միայն ինքը կործանվի, որպես իշխանություն, այլ պետականությունն էլ հետն է կործանվելու: Եվ լկտի սուտ է, որ իրենք պատրաստ են բանակցել, բայց ընդդիմությունը չի ուզում՝ Էդմոն Մարուքյանը գնաց բանակցեց, և այդ փաստարկն այլևս մեռավ: Հիմա այս երկրի քաոսի թիվ մեկ պատասխանատուն, երկիրը կործանելու թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է իր վարչապետի գլխավորությամբ: Թող կողմնորոշվեն»,- ասաց նա:
Ըստ այդմ, Մարուքյանը տեղեկացրեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը իշխանության հետ այլևս հուշագիր չի կնքի, քանի որ իրենց մեկնած ձեռքը մնաց անպատասխան և այս փուլում իրենց ներկայացրած առաջարկն այլևս ուժի մեջ չէ:
«Սակայն արտահերթ ընտությունները մեր օրակարգում են: Դա է Հայաստանի թիվ մեկ օրակարգը», - նշեց պատգամավորը:
Նա նշեց, որ նոր առաջարկներ, եթե ունենան, ապա դա կլինի խորհրդի նիստից հետո միայն: Իսկ այս պահին առաջարկները իրենց ուժը կորցրել են և միակ ելքը ճգնաժամից արտահերթ ընտրություններն են:
Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ Բարգավաճ Հայաստանի հետ քննարկում չեն ունեցել, քանի որ սպասում էին, որ այն տեղի կունենա Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան քննարկումից հետո, որը դեռ տեղի չի ունեցել:
«Ինչ վերաբերում է ապագա խորհրդակցություններին, ապա մենք որևէ խոչընդոտ չունենք քաղաքական որևէ ուժի հետ կամ որևէ ուժի առաջնորդի հետ քննարկումները շարունակելու, որպեսզի Հայաստանը այս իրավիճակից դուրս գա: Նախապայմանը հետևյալն է՝ մենք պետք է այս իրավիճակից դուրս գանք, բոլորը պետք է կամք ունենան այս իրավիճակից դուրս գալու: Դա չպետք է լինի հանդիպում զուտ հանդիպելու համար, քանի որ դա անիմաստ է ու ճգնաժամն էլ գնալով խորանում է», - ընդգծեց Մարուքյանը:
Անդրադառնալով առկա իրավիճակին, նա նշեց, որ իրավական առումով Սահմանադրական դատարանը կարող է հենց հիմա որոշում կայացնել և, ըստ էության, հանրապետության նախագահը հնարավորություն է ստեղծել, որ եթե ՍԴ-ն քայլ ունի կատարելու, ապա այդ քայլը կատարի:
«Մեկ բան ակնհյատ է. եթե չլինեն արտահերթ ընտրություններ, երկիրը շարունակելու է մխրճվել ներքաղաքական, հումանիտար, սոցիալական, տնտեսական ճգնաժամի մեջ»,- հավելեց ԼՀԿ առաջնորդը: