Զինված ուժերի ղեկավար կազմը հանդես է եկել հայտարարությամբ և աջակցել Օնիկ Գասպարյանին
Զինված ուժերի ղեկավար կազմը հանդես է եկել հայտարարությամբ, որով միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին:
Ինչպես ասված է հայտարարության մեջ, ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։
«Առկա իրավիճակի հանգուցալուծումը մեկն է․ այն նշված է ուղերձում։
Զինվորական բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններին նշանակված յուրաքանչյուր զինծառայողի կրած զրկանքները և հաղթահարած դժվարությունները գնահատել կարող են բացառապես ունակ անձինք։
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ 10․03․2021թ․ ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական», - ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով, որ իրեն պաշտոնանկ անելու վարչապետի որոշումը վիճարկելու է վարչական դատարանում:
Նա հայտարարել է, որ իր ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու է «այլ կարգավիճակով»։
Գասպարյանը նաև հորդորել էր զինված ուժերի ղեկավար կազմին «շարունակելու անձնուրաց և ազգանվեր ծառայությունը բացառապես հայրենիքին և ժողովրդին՝ հանուն Զինված ուժերի զարգացման և Հայաստանի ու Արցախի հզորացման»:
VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր՝ մարտի 10-ին, Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Հանրապետության վարչապետի հայտարարությունը՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։