Գագիկ Խաչատրյանն ազատ է արձակվել գրավի դիմաց
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը ազատ է արձակվել գրավի դիմաց։ Այս մասին հայտնում է Խաչատրյանի փաստաբանական խումբը։
«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ռազմական դրության, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի՝ առողջական վիճակով պայմանավորված դատական նիստերին ներկայությունն ապահովելու անհնարինությունը, ի հավելումն այն հանգամանքի, որ այս փակուղային ու անորոշ ժամանակով ձգվող պրոցեսները կրիտիկական կարող են լինել Խաչատրյանի կյանքի և առողջության համար և նա անհապաղ բժշկական օգնության կարիք ունի, պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։ Պաշտպանական կողմը գոհունակություն է հայտնում, որ այս անգամ, այնուամենայնիվ, արդարությունը վեր է գտնվել ամեն ինչից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ռազմական դրությամբ պայմանավորված՝ պաշտպանական կողմը ձեռնպահ է մնացել հավելյալ մեկնաբանություններից։
VERELQ-ը հիշեցնում է, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):
Գագիկ Խաչատրյանն արդեն շուրջ մեկ տարի է, ինչ կալանքի տակ է։