Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին.
"Սիրելի ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Սփյուռքի հպարտ հայություն,
Եղբայրներ եւ քույրեր.
Արդեն մեկ ամիս է, ինչ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի եւ հայության դեմ։
Արցախի բանակի եւ քաղաքացիական բնակչության վրա այս ընթացքում թափվել են հազարավոր արկեր, հրթիռներ, բաց թողնվել հազարավոր անօդաչու թռչող սարքեր:
Հակառակորդը հարձակվել է տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ադրբեջանցիներով, ահաբեկիչներով, վարձկաններով, թուրք ու պակիստանցի հատուկջոկատայիններով։
Մեկ ամիս առաջ՝ նրանք Արցախը արագ նվաճելու, Արցախը կործանելու, ծնկի բերելու խնդիր էին դրել իրենց առաջ:
Բայց այսօր Արցախը թեկուզ վիրավոր, սակայն, կանգուն է, եւ այս ամենը առաջին հերթին մեր հերոսական բանակի, մեր հերոսական ժողովրդի, մեր հերոսական մարդու շնորհիվ:
Այս դաժան, բայց հերոսական ընթացքը մեզ վստահություն է տալիս. Արցախը կանգուն է մնալու, որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը՝ անսասան:
Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարը ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած իլյուզիաները:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանք արդեն երկար ժամանակ ամեն օր, ամեն րոպե, ամեն վայրկյան սպասում են Արցախի անկման, իրենց վերջնական եւ անշրջելի հաղթանակի մասին լուրին:
Ադրբեջանի հանրությունը, սակայն, այդ լուրը չի ստանալու, Ադրբեջանի հանրությունը այդ լուրը չի ստանալու, եւ այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները:
Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ՝ ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի եւ ամեն միլիմետրի համար, եւ անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու:
Հենց այս պահը հասունացնելն է Արցախի Պաշտպանության բանակի խնդիրը, եւ մենք պետք է ամեն ինչով աջակցենք, թեւ ու թիկունք լինենք Արցախի Հանրապետությանը, Պաշտպանության բանակին:
Վերը շարադրված խնդիրները լուծելու համար մեզ հարկավոր է ժողովրդական ուժերի բացառիկ համախմբում եւ կարգապահություն: Ռազմական դրության, առավելեւս մարտական պայմաններում պիտի գործի հրամանները անվերապահորեն եւ առանց քննարկման կատարելու տրամաբանությունը, հրամաններ չկատարողները, հրաման կատարելու կամքը սասանողները պետք է ենթարկվեն խստագույն պատժի, պատասխանատվության եւ, որ կարեւոր է նաեւ, հանրային արգահատանքի:
Որեւէ բան, որեւէ բան չպետք է արդարացում դառնա նրանց համար, որովհետեւ խաղասեղանին հայրենիքի ու ժողովրդի ճակատագիրն է, եւ մենք չենք կարող թույլ տալ Արցախի կորուստ կամ հայաթափում:
Սիրելի ժողովուրդ,
Ես տեղյակ եմ, որ երեկվա իմ ելույթը բազմաթիվ հակասական գնահատականների տեղիք է տվել: Եւ, անկեղծ ասած, տարօրինակ չթվա՝ ուրախ եմ դրա համար: Այդ ելույթը ուներ երկու նպատակ՝ միջազգային հանրությանը ի ցույց դնել հայկական կողմերի կառուցողականությունը եւ նաեւ հայ ժողովրդի հաստատակամությունը՝ Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության մեջ:
Երկու խնդիրն էլ լուծված են լիովին՝ մի փոքր անսովոր, բայց բավական արդյունավետ ձեւով: Եւ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր հաստատակամության համար:
Եւ խնդիրը, ահա, երեկվա ելույթի արդյունքում առաջացած էներգիան վեր ածել կոնկրետ գործի: Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի: Այս տրամաբանությունն է, որ պիտի գործի այս օրերին:
Այս օրերին պետական կառավարման ողջ համակարգն աշխատում է կազմակերպչական բացերը վերացնելու, յուրաքանչյուր օղակի գործողություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
Մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի Պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք եւ պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար: Այո, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաեւ բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են եւ կկանգնեն մեր կողքին: Շնորհակալ հայ ժողովուրդը այդ վերաբերմունքը երբեք չի մոռանա: Երբեք չի մոռանա:
Եւ առավելեւս այս ֆոնին մեզ մնում է ամրացնել մեր կամքը, մեկտեղել մեր կամքը, սնել մեր վճռականությունն ու նվիրումը, առարկայացնել մեր որոշումը՝ պաշտպանելու մեր ժողովրդի, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը:
Այս պատերազմը մեզնից յուրաքանչյուրի համար պիտի դառնա բացարձակ ու անփոխարինելի առաջնահերթություն, ու մենք կհաղթենք:
Այս պատերազմի ընթացքում էապես փոխվել է ղարաբաղյան հակամարտության ընկալումը աշխարհում։ Միջազգային գլխավոր դերակատարներն այժմ ընդունում եւ բաց հայտարարում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան են ագրեսիվ կողմը։ Ահաբեկիչների եւ վարձկանների՝ Ադրբեջանի կողմից կռվելն արդեն հաստատված փաստ է աշխարհում։
Սա հնարավոր է դարձել, այդ թվում մեր ճիշտ դիվանագիտական աշխատանքի եւ հրապարակային կառուցողական շեշտադրումների արդյունքում։ Դրանք ի ցույց են դնում, որ Ադրբեջանը՝ ինչպես առաջ, այնպես էլ հիմա, պատրաստ չէ փոխզիջումների: Իսկ այս փաստը միջազգայնորեն լեգիտիմացնում է մինչեւ վերջ պայքարելու, հաղթանակներ կերտելու եւ հաղթանակները վայելելու հայ ժողովրդի իրավունքը:
Եկեք պայմանավորվենք, որ մենք չենք վախենալու ոչնչից: Թույլ չենք տալու ներքին եւ արտաքին որեւէ ուժի կասկած սերմանել Ազատ եւ Երջանիկ մեր ապագայի նկատմամբ: Մենք չենք վհատվելու նույնիսկ մեր սխալներից, վրիպումներից, անհաջողություններից:
Այս ամենը չի փոխելու վերը շարադրված մեր ռազմավարությունը, որովհետեւ՝
Մենք պարտվել ենք, պարտվել ենք քանիցս,
Եւ տեսել քմծիծաղը ստի,
Բայց մեր կամքը ամուր է քարից էլ,
Մեր ոգին հանձնվել չգիտի:
Եւ ուրեմն՝ դու հաղթող ես, հայ ժողովուրդ: Գնա եւ վերցրու քո հաղթանակը, կանգնիր եւ կերտիր քո հաղթանակը: Եւ վստահ եղիր՝ քո ընտրած կառավարությունը ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան չի շեղվել ու չի շեղվելու այս հաղթանակի ճանապարհը քեզ ցույց տալու իր գործից ու պարտականությունից:
Եւ ուրեմն,
Կեցցե՛ Ազատությունը
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը
Կեցցե՛ Հայոց բանակը ու Հայ զինվորը
Եւ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում,
Ազատ եւ Երջանիկ Արցախում":