ՀՀ-ում ներդրվում է Բաքվի գործողություններից հասցված վնասի փոխհատուցման համակարգ
Հայաստանի խորհրդարանը սկսել է առաջին ընթերցմամբ քննարկել իշխող "Իմ քայլը" դաշինքի անդամների ներկայացրած "Սահմանամերձ գյուղերի սոցիալական աջակցության մասին"օրենքի փոփոխությունները:
Ներկայացնելով օրինագիծը՝ "Իմ քայլը" խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ փոփոխություններով նախատեսվում է փոխհատուցում տրամադրել ադրբեջանական կողմի գործողությունների հետեւանքով քաղաքացիների կյանքին եւ առողջությանը պատճառված վնասների համար:
Այսպես, եթե կրակոցների հետևանքով սահմանամերձ գյուղի բնակիչը վնասվածքներ ստանա, ապա նախատեսված անվճար բուժօգնությունից բացի նրան կվճարվի մինչև 3 մլն դրամի փոխհատուցում՝ կախված ստացած վնասվածքի ծանրությունից։ Իսկ եթե հակառակորդի գործողությունները հանգեցնեն մահվան, ընտանիքի անդամներին կվճարվի 5 մլն դրամի փոխհատուցում։
Նաեւ առաջարկվել է այդ գյուղերի բնակիչներին փոխհատուցում վճարել, եթե գնդակոծությունների արդյունքում նրանք զրկվել են ընտանի կենդանիներից։ "Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում մենք, հնարավոր է, ընդլայնենք այդ շրջանակները և փոխհատուցում կվճարենք նաև գյուղատնտեսական տեխնիկայի ու այգիների ոչնչացման կամ վնասման դեպքում", - հայտարարեց պատգամավորը:
Գործող օրենքում սահմանվում է, որ բնակարանների ոչնչացման դեպքում քաղաքացիներին կտրամադրվի նոր անշարժ գույք, նշել է պատգամավորը: Նա ընդգծել է, որ փոփոխություններով առաջարկվել է ամրագրել մարտական գործողությունների հետեւանքով վնասված բնակարանները վերականգնելու պետության պարտավորությունը: "Ինչպես գիտենք, պետությունն այժմ աշխատանքներ է տանում վնասված անշարժ գույքի վերականգնման ուղղությամբ, սակայն մենք որոշել ենք ամրագրել այդ պարտավորությունն օրենքում", - պարզաբանել է Գաբրիելյանը:
Փոփոխություններով նախատեսված է նաև սահմանամերձ գյուղերում բնակվող 4-12-րդ դասարանների աշակերտներին անվճար դասագրքերի տրամադրում, ասաց նա՝ հիշեցնելով, որ 1-3-րդ դասարանների աշակերտներին դասագրքերը տրամադրվում են անվճար ողջ հանրապետությունում: Օրինագծի հեղինակներն առաջարկում են օրենքի գործողությունը երկարաձգել երեք տարով։