Ռեադմիսիայի արդյունքում վերադարձած քաղաքացիներին սոցիալական աջակցություն կցուցաբերվի
Հայաստանի իշխանությունները ջանքեր են գործադրում ռեադմիսիայի արդյունքում երկիր վերադարձված քաղաքացիների վերաինտեգրումն ապահովելու համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Անդրադառնալով պատգամավորների այն հարցին, թե ինչ քայլեր են արվում այդ մարդկանց վերաինտեգրման համար, Ղազարյանը վստահեցրել է, որ անցած երկու տարիների ընթացքում դրվել են վերադարձողներին աջակցելու ինստիտուցիոնալ հիմքեր: Նա նշել է, որ այս տարի առաջին անգամ ընդունվել է ռեադմիսիայի արդյունքում վերադարձած քաղաքացիների աջակցության ծրագիրը: Ըստ ծրագրի՝ 6 ամսվա ընթացքում Հայաստանում բնակվելու վայր չունեցող քաղաքացիներին 60 հազարական դրամ կվճարեն վարձավճարը վճարելու համար։
Դրա հետ մեկտեղ, եվրոպական մի քանի կազմակերպությունների հետ համատեղ իրականացվում են աջակցության ծրագրեր, այդ ծրագրերի շրջանակներում սոցիալական աջակցություն է տրամադրվում, այդ թվում՝ վարձավճարը։
Օրերս մեկնարկել է ICMPD-ի հետ համատեղ իրականացվող Impact ծրագիրը, որի շրջանակներում խրախուսվում են տնտեսական ոլորտում վերաինտեգրման գործընթացները։
«Մասնավորապես, այս կատեգորիայի քաղաքացիների կողմից տնտեսական նախագծերում ներդրումների պարագայում, ICMPD նույնքան գումար կներդնի այս նախագծում: Սակայն այդ հնարավորությունները կվերաբերեն միայն կամավոր վերադարձած քաղաքացիներին։ Այսպիսով, մենք ցանկանում ենք խրախուսել կամավոր վերադարձը՝ խուսափելով հարկադիր վերադարձից», - տեղեկացրեց Ղազարյանը: