23.11.2024
Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 3600 կրակոց. շաբաթն առաջնագծում
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը ՊԲ շտաբում խորհրդակցություն են անցկացրել

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ օգոստոսի 30-ին այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն:


Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է բանակաշինության ընթացիկ խնդիրների մասին:


Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության հետագա խորացմանը և հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր:


Նույն օրը Փաշինյանն ու Հարությունյանը այցելել են սահմանապահ դիրքեր:



Վարչապետին և նախագահին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը:


Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը:


 


Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը ծանոթացել են զինծառայողների կենցաղային պայմաններին և զրուցել զինվորների հետ:


Այնուհետև նրանք եղել են ՊԲ զորամասերից մեկում, որտեղ ներկա են գտնվել նորակառույց ճաշարանի բացման արարողությանը: Այստեղ ևս ներդրվել է նոր սննդակարգը: Վարչապետը ծանոթացել է զինծառայողներին տրամադրվող սննդի տեսականուն, որակին:


Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նոր սննդակարգի ներդրման գործընթացը զինված ուժերում հաջողությամբ շարունակվում է: ՀՀ վարչապետը կարևորել է Զինված ուժերի, ռազմարդյունաբերության շարունակական զարգացումը` հավելելով, որ խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում ու այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են հետևողական կերպով: