25.11.2024
Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգով մեկնարկեց «Ֆրեսկո» փառատոնի երևանյան ծրագիրը
prev Նախորդ նորություն

Արայիկ Հարությունյանը Քարվաճառում ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 28-ին այցելել է Քարվաճառ քաղաք և ծանոթացել շրջկենտրոնում իրականացվող ծրագրերին:


Երկրի ղեկավարը նախ հետևել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի շրջկենտրոն տանող 17,5 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգման աշխատանքներին, հետաքրքրվել ասֆալտապատումը սկսելու ժամկետներով: Կապալառու կազմակերպության՝ «Դորոժնիկ» ՍՊԸ պատասխանատուները վստահեցրել են նախագահին, որ աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի առաջին կեսին: Ծրագրով նախատեսված է ամրացնել ճանապարհահատվածը սպասարկող կամուրջները, ամբողջությամբ ասֆալտապատել նաև Քարվաճառի կենտրոնական ճանապարհը:


Այնուհետև նախագահը շրջայց է կատարել շրջկենտրոնում, ծանոթացել ավստրալահայ համայնքի կողմից տրամադրված միջոցներով՝ 15 առանձնատների, պետական ֆինանսավորմամբ՝ 48 բնակարանանոց նոր երկու թաղամասերի, բարեգործական և պետական համաֆինանսավորմամբ՝ շրջկենտրոնի հիվանդանոցի նոր մասնաշենքի կառուցման, ինչպես նաև սալապատման և հին ավերակների ապամոնտաժման աշխատանքներին: Հանրապետության նախագահը կարևորել է իրականացվող ծրագրերը և ընգծել, որ Քարվաճառի զարգացման համար դրանք էական նշանակություն ունեն:


Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը շրջանի համայքների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Քննարկվել են համայնքների խմելու ջրին, գիշերային լուսավորությանը, կարիքավոր ընտանիքների առանձնատների վերանորոգման նպատակով պետական միջոցներից շինանյութի հատկացմանը վերաբերող և մի շարք այլ օրախնդիր հարցեր: