25.11.2024
Փաշինյանը, Սարգսյանը, Միրզոյանը. ովքե՞ր կարող են դիմակ չկրել
prev Նախորդ նորություն

Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգով մեկնարկեց «Ֆրեսկո» փառատոնի երևանյան ծրագիրը

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնն օգոստոսի 22-ից մշակութային տոն է ստեղծել՝ անցկացնելով ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր և առցանց հանդիպումներ: Օգոստոսի 28-ին Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում, տեղի ունեցավ Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգը, որով մեկնարկեց փառատոնի երևանյան համերգային ծրագիրը: Մինչ համերգային ծրագրի մեկնարկը նախ մեներգչուհի Տաթևիկ Աշուրյանը կատարեց շարականներ, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի հետ միասին ներկաներն ասացին «Հայր մեր» տերունական աղոթքը։


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն իր ողջույնի խոսքում ևս մեկ անգամ կարևորեց այն, որ «Ֆրեսկո» փառատոնն ապացուցել է՝ ճշմարիտ հոգևոր, կրոնական կյանքի և աշխարհիկ կյանքի միջև հակասություն չկա, քանի որ երկուսի դեպքում էլ թագավորում է հարգանքը մարդու և մարդկային արժեքների նկատմամբ։


««Ֆրեսկոն» իսկապես մնում է անփոխարինելի իր առջև դրված առաքելության իրականացման գործում՝ բոլոր մարդկային կարևոր ուղերձները մեկտեղելու առումով։ Ուրախ եմ, որ այս տարի ֆառատոնը մեկնարկը տվեց «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով, քանի ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ մի շարք մշակութային միջոցառումներ մասամբ կամ ամբողջապես իրականացվում են սահմանաներձ
համայնքներում, և «Ֆրեսկոյի» հանդիսավոր բացման արարողությունը Բերդ քաղաքում՝ Բերդ պարային անսամբլի բացօթյա մենահամերգով, հրաշք էր»,- հավելեց Խզմալյանը։


Ներկաները վայելեցին 13 համարից բաղկացած ծրագիր: Պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանը նշեց, որ զգացվում էր՝ հանդիսատեսը իսկապես կարոտել էր իրական համերգի:


«Այսօր մենք ներկայացրինք ծրագիր, որտեղ ընդգրկված էր թե՛ ազգագրական պարերի շարան, թե՛ Յարխուշտա, թե՛ Քոչարի, ինչպես նաև՝ պարի պետական անսամբլի համար արդեն այցեքարտ դարձած Կինտոների պարը և Կակաչների պարը: Համերգի ընթացքում նաև հայ հռչակավոր կոմպոզիտորներ՝ Արամ Խաչատրյանի, Խաչատուր Ավետիսյանի և Ալեքսանդր Սպենդարյանի ստեղծագործությունների ներքո բեմադրություններ ներկայացվեցին»,- հավելեց Էրիկ Չանչուրյանը:


Հիշեցնենք, օգոստոսի 29-ին նախատեսված է Ռուբեն Հախվերդյանի 70 ամյանկին նվիրված հոբելյանական համերգ, իսկ օգոստոսի 30-ին՝ Ջիվան Գասպարյան և ընկերներ:



Մենահամերգին հաջորդեց արդեն ավանդական դարձած կինոդիտում-քննարկումը: Ցուցադրվեց 5 ֆիլմ՝ Պյոտր Լյուդվիկի «3-0» (Լեհաստան), Արջ-Ասպետ Շերմազանյանի «Աղ ու հաց» (Հայաստան, Ռուսաստան), Շանտալ Քասարջյանի «Բաղադրատոմս աքսորում» (ԱՄՆ), Եվգենյա Յուստուսի «Քեզ սպասելիս» (Ռուսաստան), Կարմեն Պերեզ Գոնսալեսի «Յոթ մահացու մեղքերը և ևս չորս բան» (Իսպանիա):


Ֆիլմերի բացօթյա ցուցադրումները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 1-ը Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Փառատոնին այս տարի ներկայացված 3000-ից ավել հայտից (85 երկիր) ընտրվել է 63 ֆիլմ (23 երկիր): Մրցութային ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը և այլ համամարդկային արժեքներ:


Հիշեցնենք, որ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին սահմանամերձ գեղատեսիլ Բերդ քաղաքում՝ Բերդ պարային անսամբլի բացօթյա մենահամերգով։ Այնուհետ օգոստոսի 24-ին ֆիլմերի բացօթյա ցուցադրումով մեկնարկել է երևանյան ծրագիրը։


Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման և վերահսկման կանոնների պահպանմամբ։