Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել
Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան լուրը, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում, հայտնում է "Արևելք" -ը:
Երիտասարդ հայուհին բուժքույր էր աշխատում և, ըստ լրատվամիջոցների, մնացել է փլված առաստաղի տակ: Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին, ուր օգոստոսի 4-ին որոտացել է հզոր պայթյուն:
Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, նա Լիբանանի Հիվանդապահների միության անդամ էր:
«Հանգչիր խաղաղությամբ, հրեշտակ»-գրել են նրա ընկերները, դասախոսները և գործընկերները: «Նա ամենալուրջ եւ աշխատասեր բուժքույրերից էր, նա շատ ինքնատիպ ուսանող էր: Աղոթում եմ քեզ համար»,-գրել է Բալամանդ համալսարանի դասախոսներից Վիկի Ժբրանը՝ Ջեսիկա Բեզջյանի մասին:
Նշենք, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 78 մարդ, ավելի քան 4 հազար մարդ վիրավորվել է: Այս պահին հաղորդվում է հինգ ազգությամբ հայերի մահվան մասին: