25.11.2024
Հունաստանի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

Հունաստանում Աթաթուրքի տունը կվերածվի պոնտոսցի հույների ցեղասպանության թանգարի՞

Ստամբուլում սուրբ Սոֆյայի տաճարի շուրջ ստեղծված իրադրությունը Հունաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունների հարց է, եւ Աթենքը պետք է կոշտ պատասխան տա, որը կհասկանան Անկարայում:


Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Հունաստանի խորհրդարանական կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Տանասիս Միլոնասը:


Նրա խոսքով՝ կուսակցության դիրքորոշումն այն է, որ թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի տուն-թանգարանը Սալոնիկում դարձնել պոնտոսցի հույների ցեղասպանության թանգարան: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սպասում է Պետխորհրդի որոշմանը սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակը փոխելու եւ այն թանգարանից մզկիթ դարձնելու հնարավորության վերաբերյալ եւ կվարվի այդ որոշմանը համապատասխան:


Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը՝ Պետխորհուրդը, հուլիսի 2-ին քննարկել է սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակը փոխելու հարցը: Պետխորհուրդը կարծում է, որ տաճարի կարգավիճակը փոխելու համար բավարար է նախագահի հրամանագիրը: Սպասվում է, որ Պետխորհուրդի որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում:


Հունաստանը կարծում է, որ ցեղասպանության զոհ է դարձել ավելի քան 350 հազար պոնտոսցի հույն: Անկարան, իր հերթին, մեղադրանքները համարում է «ֆանտաստիկ», իսկ Հունաստանին մեղադրում քաղաքական նպատակներով «պատմական իրադարձություններն աղավաղելու մեջ»: Հարցին, թե կարող է դա կանգնեցնել Թուրքիայի նախագահին, կուսակցության ներկայացուցիչը պատասխանել է. «Էրդողանը անվերահսկելի քաղաքական գործիչ է»: Թանգարանի կարգավիճակը փոխելու պլանները հակազդեցություն են առաջացրել բազմաթիվ երկրներում: