Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո ճեպազրույց է անցկացրել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:
Վարչապետը նշել է, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծանր: Շաբաթ և կիրակի օրերին շուրջ հազար նոր դեպք է գրանցվել և առողջապահական համակարգը շարունակում է աշխատել ծանրաբեռնված ռեժիմով:
«Մենք ոչ միայն Հայաստանից ենք վատ լուրեր ստանում, այլև ամբողջ աշխարհից: Բազմաթիվ երկրներում, կարծես, իրավիճակը վերցված էր հսկողության տակ, սակայն գալիս են լուրեր, որ նոր ալիք է սկսվում: Դա ավելի է խտացնում այն պատկերացումը, որ մենք ունենք ընթացիկ իրավիճակի վերաբերյալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ իրավիճակի վերաբերյալ ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը:
«Իրավիճակի հաղթահարումը տեսնում ենք նաև քաղաքացիների անհատական վարքի փոփոխության և համագործակցության արդյունքում: Պարզապես միայն վարչական մեթոդները որևէ արդյունք չեն կարող տալ: Շաբաթ օրը շրջայց եմ կատարել Ավան վարչական շրջանում, դիմակներ եմ բաժանել: Կարող եմ ասել, որ հիմնական խնդիրն այն է, որ քաղաքացիները չեն հավատում անհատական վարքի փոփոխության ազդեցությանն իրավիճակի վրա: Ինձ համար անակնկալ էր, որ բազմաթիվ քաղաքացիներ իրենց շրջապատում չէին արձանագրել վարակի դեպք և սա էլ ավելի բարդացնում է մեր խնդիրը: Ճիշտ վարվելակերպը ոչ թե այն է, որ սպասենք առնչվենք այդ դեպքերի հետ, այլ ի գիտություն ընդունենք վարակի վերաբերյալ առկա տեղեկատվությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է՝ պետք է շարունակել քաջալերել մեր քաղաքացիներին, որ պահպանեն անվտանգության կանոնները, կրեն դիմակ ամենուր, պահպանեն սոցիալական հեռավորություն:
Նա հավելել է, որ առնվազն ևս մեկ անգամ կերկարացնեն արտակարգ դրությունը. «Մենք հասկանում ենք, որ չենք կարող անվերջ արտակարգ դրությունը երկարացնել, բայց ըստ ամենայնի, այս անգամ մենք արտակարգ դրությունը կերկարացնենք»,- ընդգծել է նա:
Նախարար Արսեն Թորոսյանը հավելել է, որ կատարված թեստերի 30 տոկոսի դեպքում պատասխանը դրական է: «Լավ է, որ այդ առումով աճ չկա, բայց վատ է, որ բացարձակ առումով այդ թվերը մնում են բարձր: Երեկվա դրությամբ մեր մահճակալային ընդհանուր ֆոնդն արդեն հասել է 2600-ի, որից 2300-ը սովորական մահճակալներ են, դրանց մեծ մասը հագեցած է թթվածնային կենտրոնական մատակարարումով, իսկ մոտ 300-ը վերակենդանացման մահճակալներն են: Զբաղվածությունը շատ բարձր է, հատկապես վերակենդանացման բաժանմունքներում:
Ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների ընդհանուր թիվը մոտ 650 է, նրանցից 47-ը գտնվում է թոքերի արհեստական շնչառության սաքրերի տակ: Ժամը 15:00-ի դրությամբ մենք չունենք որևէ պացիենտ, որն ունի հրատապ հոսպիտալիզացիայի կարիք, բայց հոսպիտալացված չէ: Նաև ունենք 20 պացիենտ, որոնք կարիք ունեն այլ հիվանդանոցներից տեղափոխվել կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող ԲԿ-ներ»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով, այն, որ ամեն օր ունենում ենք հարաբերականորեն կայուն թվեր, դա ևս հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ է: «Սովորաբար նման համավարակները տարածվում են պայթյունաձև, բայց մենք նման իրավիճակ չունենք: Այսինքն դիմակների պատշաճ կրելը մեզ մոտ էլ է ապացուցել, որ դրանք արդյունավետ են: Եթե այդպես չլիներ, մենք պատիկներով ավելի շատ դեպքեր կունենայինք: Այսինքն դիմակների կրումն աշխատում է:
Ինչպես առանց կոշիկ հագնելու տնից դուրս չենք գալիս, այնպես էլ պետք է առանց դիմակի դուրս չգանք, չպետք է դիմակն իջեցնենք ու բացենք մեր քիթը»,- ասել է նախարարը: