23.11.2024
Կենտրոնական բանկի նախագահ ընտրվեց Մարտին Գալստյանը
prev Նախորդ նորություն

Վարչապետի մոտ քննարկվել է «Հայփոստ»-ի հետագա ճակատագիրը. մամուլը ճի՞շտ էր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման և զարգացման հայեցակարգի շուրջ։


Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է ամփոփ վերլուծություն՝ «Հայփոստ» ՓԲԸ գործառույթների, մատուցվող՝ փոստային, ինչպես նաև հանրային և ֆինանսական ծառայությունների շրջանակի, դրանց ծավալների ու ցուցանիշների վերաբերյալ։ Նախարարն անդրադարձել է փոստային օպերատորի կառավարման մոդելին, առկա միջազգային փորձին, ներկայացրել այս նպատակով 2019 թ. նոյեմբերին վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները:


Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն։ Քննարկման առարկա են դարձել «Հայփոստ» ՓԲԸ հետագա կառավարման մոդելին, մատուցվող ծառայությունների շրջանակին, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանը, արդիականացմանը, թվային օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր։


Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է առաջիկայում ներկայացնել «Հայփոստ» ՓԲԸ կառավարման մոդելի ընտրության կոնկրետ տարբերակներ՝ հաշվի առնելով քննարկված հարցերի շրջանակը և ներկայացված առաջարկները:


VERELQ-ը հիշեցնում է, որ մամուլն այսօր գրել էր, թե Հայաստանի կարևոր կառույցների մեկի՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավար կազմը իշխանությունը փորձում է յուրայիններով համալրել։ Մասնավորապես, «իշխանությունն ակտիվ լծվել է ընկերության ղեկավարի՝ Հայկ Ավագյանի փոփոխման հարցը գլուխ բերելու գործին։ Երկարամյա տնօրենին, սակայն, հեռացնելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ կառավարությունը չի կարող գրչի մեկ հարվածով ազատվել տնօրենից, ՓԲԸ-ի տնօրենի նշանակումն ու ազատումն իրականացնում է Դիտորդ խորհուրդը, որտեղ ընդգրկված են տարբեր կառույցներ ներկայացնող անձինք։ Սակայն, նույն աղբյուրի փոխանցմամբ, Հայկ Ավագյանից ազատվելու այս իշխանության ցանկությունն այնքան մեծ է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը որոշել է ինքնագլուխ ամեն ինչ անել եւ սեփական մարդուն բերել տնօրենի պաշտոնին, բայց նրան հասկացրել են, որ դա նրա որոշելիք խնդիրը չէ։ Ավելին, անգամ Դիտորդ խորհրդի անդամների համար է զարմանալի եղել, թե ինչու են հանկարծ, առանց լուրջ պատճառաբանության որոշել «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարին աշխատանքից ազատել»,- գրել էր թերթը։