ՌԴ-ն որոշում է կայացրել ՀՀ իրավապահներին հանձնել Լևոն Սարգսյանին. դատախազություն
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Լևոն Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը:
Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է իրականացնել Լևոն Սարգսյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին` հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Սարգսյանի տեղափոխումը:
VERELQ-ը հիշեցնում է, որ Լևոն Սարգսյանը մեղադրվում է մոտ 12 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։
2019 թվականի նոյեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Հրաչյայի Սարգսյանը՝ ալրաղացի Լյովը: