26.11.2024
Ղազախստանը հետաքրքրված է Հայաստանից ներդրումների ներգրավմամբ. Նազարբաևա
prev Նախորդ նորություն

Հաջորդ տարի նախատեսվում է Ղազախստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային:


Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է, որ երկու ժողովուրդները, ունենալով ընդհանուր պատմություն, միասին ապրել են Ռուսական կայսրության, Խորհրդային Միության ժամանակաշրջաններում, իսկ այսօր՝ Եվրասիական համագործակցության շրջանում: «Մեր ֆիզիկական ճանապարհները շատ մոտ էին, քանի որ կար Մետաքսի ճանապարհը, որն անցնում էր Ղազախստանով և Հայաստանով: Հայերը միշտ եղել են այդ ճանապարհին»,- նշել է նախագահ Սարգսյանը: Բարձր գնահատելով Ղազախստանի ղեկավարության վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ՝ Հայաստանի նախագահն ասել է, որ հայերը Ղազախստանում իրենց զգում են ինչպես տանը, ինչը հաստատվել է նաև նրանց հետ իր հանդիպումների ժամանակ:


Դարիգա Նազարբաևան նախագահ Սարգսյանին է փոխանցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և նշել, որ հաջորդ տարի նախատեսվում է նրա պաշտոնական այցը Հայաստան:


«Վստահ եմ, որ այն նոր, ավելի նշանակալից փուլ կբացի մեր երկրների հարաբերություններում,- ասել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահը: - Այս տարի նշում ենք Ղազախստանի և Հայաստանի միջև Բարեկամության և համագործակցության համաձայնագրի ստորագրման 20-ամյակը: Այս տարիների ընթացքում մենք սերտորեն համագործակցել ենք և պատմականորեն կապված ենք եղել այդ ամբողջ ընթացքում»:


Դարիգա Նազարբաևան նույնպես ընդգծել է Ղազախստանի հայ համայնքի կարևոր դերը՝ նշելով, որ նրանք ակտիվ գործարարներ են, աշխատում են մշակույթի ոլորտում, պետական կառույցներում, իսկ խորհրդարանն ունի հայկական սփյուռքը ներկայացնող պատգամավոր:


Նախագահ Արմեն Սարգսյանը կարևոր է համարել երկխոսությունը նաև միջխորհրդարանական մակարդակով: Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահն իր հերթին նշել է, որ միջխորհրդարանական հարաբերությունները զարգանում են շատ լավ դինամիկայով:


Զրուցակիցները համակարծիք են եղել, որ համագործակցության հեռանկարները մեծ են և դրանք պետք է զարգացնել տարբեր ուղղություններով: Կարևորելով տնտեսական փոխգործակցության ակտիվացումը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ առկա ցուցանիշները զիջում են իրական ներուժին: Փոխգործակցության հեռանկարային ուղղությունների շարքում նա նշել է տեղեկատվական և նորագույն տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, մշակույթի, գիտության ոլորտները, կարևորել երիտասարդների փոխանակման ծրագրերն ու երիտասարդական կազմակերպությունների համագործակցությունը:


Նախագահ Սարգսյանը ներկայացրել է նախագահական նախաձեռնությունների շրջանակում հաջորդ տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվող մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովը», STARMUS 6-րդ միջազգային փառատոնը և նշել, որ այդ շրջանակում կան համագործակցության մեծ հնարավորություններ: Հանրապետության նախագահը, անդրադարձել է նաև ATOM նախագահական նախաձեռնությանը, որն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանը:


Ծրագիրը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը: Նա նշել է, որ ուրախ կլինեն ծրագրի շրջանակում համագործակցել նաև ղազախական ընկերությունների հետ: