24.11.2024
Փաշինյանը չի մասնակցի Լեհաստանում կայանալիք տնտեսական համաժողովին. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը պետք է արտաքին շուկաների վրա աշխատի. վարչապետ

Հայաստանի կառավարությունը տնտեսության մեջ առաջնային դերակատարում է տալիս ռազմարդյունաբերական համալիրին՝ պայմանով, որ ռազմարդյունաբերական համալիրը պետք է համապատասխանի ժամանակակից տեխնոլոգիական չափանիշներին: Երկարաժամկետ իմաստով մենք նաև պետք է տեխնոլոգիական նախաձեռնություններ ցուցաբերելու, տեխնոլոգիական նորարարություններ արտադրելու հնարավորություն ունենանք: Այս մասին ռազմարդյունաբերողների միության անդամների և ռազմաարդյունաբերական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  


«Ռազմարդյունաբերական համալիրը կառավարության համար ունի մի քանի առանցքային նշանակություն, որոնք բոլորն էլ ունեն ռազմավարական բնույթ: Նախ այն, որ մեր երկիրը պետք է ունենա ուժեղ ռազմարդյունաբերական համալիր. դա բխում է անվտանգային այն միջավայրից, որում մենք այսօր գտնվում ենք: Մեր երկրի անվտանգության կարիքները ակնհայտորեն բերում են այդ մտքին»,- ասաց նա:


Շարունակելով թվարկել, Փաշինյանը նշեց, որ դա կարևոր է Հայաստանի տնտեսության զարգացման տեսանկյունից՝ Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծում և մեր երկիրը բարձր որակավորում ունեցող աշխատուժի երկիր դարձնելու տեսլական: Նրա խոսքով, ռազմարդյունաբերական համալիրը մի ոլորտ է, որտեղ բանվորից սկսած ենթադրում է որակավորում, այսինքն՝ բարձր որակավորում ունեցող բանվորներ, արհեստավորներ և այսպես շարունակ:


«Արտահանման ռազմավարությունը մեզ համար նույնպես շատ կարևոր է, և մեր ռազմավարական կուրսը պետք է լինի այնպիսին, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը պետք է արտաքին շուկաների վրա աշխատելու հնարավորություն ունենա: Եվ այս խնդիրների համալիր լուծելու համար է, որ մենք ստեղծել ենք նոր՝ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն. իհարկե, առաջին հերթին նկատի ենք ունեցել ռազմաարդյունաբերական համալիրը»,- նշեց ՀՀ վարչապետը:


«Մինչև այդ ռազմավարական նպատակներին հասնելը մենք պետք է կարողանանք մեր ներքին կարիքները հաշվի առնելով, ռազմարդյունաբերական համալիրի համար ապահովել որոշակի ներքին շուկա: Պետք է կարողանանք ապահովել պետպատվերներ, որպեսզի այդ համալիրը կարողանա ապրել, ոտքի կանգնել, զարգանալ և կարողանա մրցունակ արտադրանք տալ: Սա մեր ամենակարևոր նպատակադրումն է՝ որպես ռազմարդյունաբերական համալիրի զարգացման նախնական փուլ: Իհարկե, ցավոք, այս ընթացքում այս ոլորտում ամեն ինչ չէ, որ հարթ է գնացել: Ես նկատի ունեմ պետական պատվերի ոլորտը, և, մենք այստեղ քաղաքական նպատակադրումը ձևակերպելով, պետք է խնդիրը խորությամբ հասկանանք և համապարփակ: Ասելով, որ ռազմարդյունաբերական համալիրի համար պետք է պետական պատվեր ապահովենք՝ մենք նկատի ունենք, որ դրա նպատակը պետք է լինի ոչ թե ուղղակի համալիրը պահելը, այլ աջակցելը, որ այդ համալիրը մրցունակ դառնա նաև արտաքին շուկաներում»,- շեշտեց Փաշինյանը:


Վարչապետը նաև ասաց, որ Հայաստանին անհրաժեշտ է գիտելիքահենք արդյունաբերական տնտեսություն, այդ տնտեսության տանող ուժը պետք է լինի ռազմարդյունաբերական համալիրը: Եվ կառավարությունը պետք է աջակցի բոլոր հնարավոր միջոցներով, որպեսզի այն մրցունակ լինի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: