24.11.2024
ԱԳՆ-ն հրապարակել է վթարված օդանավի հայ օդաչուների անունները
prev Նախորդ նորություն

Դավիթ Հարությունյան. Սահմանադրական փոփոխությունները կհանգեցնեն "խաղաղ իշխանափոխության"

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքով, սահմանադրական փոփոխություններից հետո որևէ կուսակցության չի հաջողվի մեծամասնություն ձևավորել խորհրդարանում:

«Որևէ համամասնական ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում իշխող կուսակցությունը, ինչքան էլ չի մեղադրվել ոստիկանական լինելու մեջ, ընդդիմությանը ոչ իրավաչափորեն ճնշելու մեջ և այլն, երբևէ չի հավաքել 40 տոկոսից ավել ձայն: Սա նշանակում է, որ եթե մենք մի պահ աչքներս փակենք և համարենք, որ մենք դեռևս այն երկիրն ենք, որ ունեինք, և որևէ ժողովրդավարական զարգացում այս տարիների ընթացքում չենք ունեցել՝ չկա ակտիվ քաղաքացիական հասարակություն, չկան սոցիալական ցանցեր, որոնք ի վիճակի են շատ արագ պայթեցնելու հասարակական կարծիքը․․․ անգամ այդ պայմաններում իշխող կուսակցությանը չէր հաջողվում ստանալ ձայների մեծամասնությունը համամասնական համակարգով: Ուստի այս անգամ ես, անկեղծորեն ասած, ամենևին չեմ կարծում, որ որևէ մեկ կուսակցության կհաջողվի ձևավորել մեծամասնություն խորհրդարանում», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ դրանից բխում է, որ Հայաստանում կառավարությունները կլինեն կոալիցիոն․ - «Քիչ հավանական եմ համարում ոչ կոալիցիոն կառավարությունները»:

Ինչևէ, եթե հանրաքվեի արդյունքում սահմանադրական փոփոխությունները հավանության արժանանան, Հայաստանը կդառնա խորհրդարանական հանրապետություն, և Ազգային ժողովը կձևավորվի համամասնական ընտրակարգով, հայտնում է Ազատությունը:

Իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Հարությունյանը ուշագրավ ևս մեկ հայտարարություն արեց․ - «Ես այսօր էլ եմ համարում, որ այն, ինչ արվել է, դա հիմք է խաղաղ իշխանափոխության համար: Եվ դա արվում է մի պատճառով․ որովհետև նա, ով չի ստեղծում հիմք խաղաղ իշխանափոխության համար․․․ նա իր կյանքն ավարտում է բռնի իշխանափոխությամբ։ Ես կարծում եմ, այս Սահմանադրությունը հենց այն հենքն է, որը ապահովելու է երկրում խաղաղ իշխանափոխություն»:

Հարցին, թե արդյոք խաղաղ իշխանափոխության մասին իր հնչեցրած միտքը գերիշխում է ՀՀԿ-ում, և արդյոք իշխող կուսակցությունը նախապատրաստվում է խաղաղ իշխանափոխության, Հարությունյանն արձագանքեց․ - «Ես խնդրում եմ խոսքերս սխալ չընկալել: Դա չի նշանակում, որ մեր կուսակցությունը հավակնություններ չունի իշխանություն ձևավորելու: Դա նշանակում է, որ պետք է ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք բացում են դաշտը»:

Քննարկմանը մասնակցող իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համոզմամբ՝ սահմանադրական փոփոխություններն իրականում ճանապարհ են հարթում Հայաստանում կուսակցապետական համակարգի հաստատման համար․ - «Շատ կուզենամ, որ Սերժ Սարգսյանը դրժի իր խոսքը և դառնա վարչապետ՝ եթե Սահմանադրության նախագիծը անցնի: Դա ընդունված կարգ է, չգրված կարգ է, շատ երկրներում գրված կարգ է, որ պառլամենտական երկրներում կուսակցության լիդերն է դառնում վարչապետ: Եթե նա շարունակելու է մնալ կուսակցության լիդեր և չի լինելու վարչապետ, սա արդեն շատ վտանգավոր երևույթ է»:

Դավիթ Հարությունյանը, ով ներկաներին հասցրել էր հիշեցնել նախագահ Սարգսյանի խոստումը, թե սահմանադրական փոփոխություններից հետո մտադիր չէ զբաղեցնել երկրի նախագահի, վարչապետի կամ խորհրդարանի խոսնակի պաշտոնները, արձագանքեց․ - «Այո, պարոն Իշխանյան, ես կարծում եմ, որ իրականում վարչապետ դառնում է մեծամասնությունը ներկայացնող կուսակցության լիդերը: Ինչպիսին կլինեն զարգացումները, դժվարանում եմ ասել, բայց կարծում եմ, որ այդ ամենը տեսանելի է քաղաքականությամբ զբաղվող ցանկացած անձի համար»:

Խոսելով ՀՀԿ-ի ձևավորած «Այո»-ի շտաբի մասին՝ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե այն կուսակցական կառույց է: Հարցին, թե այդ պարագայում այդտեղ ինչ են անում շտաբի ղեկավարի անկուսակցական երեք տեղակալները՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և Վերահսկիչ պալատի փոխնախագահ Լևոն Յոլյանը, Հարությունյանն արձագանքեց․ - «Մենք կարող ենք Ձեզ էլ ներգրավել՝ եթե ցանկություն ունեք: Որևէ արգելք չկա այդտեղ»: