9.10.2024
Վրաստանը կարգելի բանակում չծառայած տղամարդկանց պետական ծառայության անցնելը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը «Կիևից» սպառնում է Ղարաբաղին պատերազմով

Եթե Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններն արդյունք չտան, ապա Ադրբեջանը տարածքային ամբողջականության վերականգնման համար ուժ կկիրառի: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Ազեր Հուդիևը:


Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դեռևս կոնկրետ քայլեր չի ձեռնարկում`հակամարտության արդար կարգավորման համար: Դեսպանը նշել է, որ Ադրբեջանը մեծ գումարներ է հատկացնում բանակի համար`եթե բանակցություններն արդյունք չտան, Բաքուն ուժ կկիրառի:


Ադրբեջանն երկար դադարից հետո կրկին սկսել է խոսել ուժի սպառնալիքի լեզվով և Ղարաբաղի հարցում չզիջելու դեպքում սպառնում է պատերազմով: Փաստորեն ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին Մինսկի խմբի և միջազգային հանրության կոչերն անտեսվում են Բաքվի կողմից` ադրբեջանական կողմը շարունակում է զինվել և պատրաստվել հարցի ռազմական ճանապարհով կարգավորմանը:


Ադրբեջանը թավշյա հեղափոխության օրերին լայնածավալ հարձակում չիրականացրեց, հավանաբար չգուշանալով ՌԴ-ի ու ԱՄՆ-ի կոշտ արձագանքին այդպիսի սադրանքին, իսկ ՀՀ-ում նոր իշխանությունների ձևավորումից հետո հույսեր կապեց, թե Երևանը կարող է ղարաբաղյան հարցում գնալ զիջումների:


Ադրբեջանում հայտարարում էին, որ Արցախյան պատերազմի մասնակից ՀՀ քաղաքական էլիտայի այսպես կոչված ղարաբաղյան կլանի հեռացմամբ իշխանության են եկել այնպիսի ուժեր, որոնք կգնան հարցի արագ կարգավորմանը: Սակայն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան և որ ինքը չի պատրաստվում բանակցել Արցախի իշխանությունների փոխարեն:


Դրան զուգահեռ ՀՀ-ն շարունակում է իր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի օգնությամբ ամրապնդել սեփական զինված ուժերը` Սու կործանիչներ գնելով Մոսկվայից ու պատրաստվելով նոր ռազմական վարկ վերցնել ռուսական կողմից:


Բացի այդ, Արցախից նույնպես կոշտ գնահատականներ հնչեցին` ռազմական ու քաղաքական էլիտայի կողմից, որ Արցախը չի պատրաստվում վերադառնալ 1988թ.-ի սահմաններին, այսինքն զիջել 7 շրջանները կամ լայն ինքնավարության պայմաններում վերադառնալ Ադրբեջանի կազմ: Իլհամ Ալիևը բազմաթիվ անգամ դա է առաջարկել Ստեփանակերտին` հակառակ պարագայում սպառնալով նոր պատերազմով:


Ադրբեջանը  շարունակում է զինվել` գնել նոր զինատեսակներ ու համատեղ զորավարժություններ իրականացնել մեծ եղբայր Թուրքիայի հետ: Ադրբեջանն ու հայկական կողմերը` ՀՀ-ն ու Արցախը, ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում ունեն միմյանց բացառող դիրքորոշումներ: Դա նշանակում է, որ բանակցություններով հարցի կարգավորումը հնարավոր է, եթե կողմերից մեկի, այս պարագայում Հայաստանի վրա լինեն միակողմանի ուժեղ ճնշումներ Մինսկի խմբի և, մասնավորապես, ԱՄՆ-ի կողմից: Հակառակ պարագայում Երևանն ու Ստեփանակերտը պատրաստ չեն գնալ միակողմանի զիջումների ու կազմաքանդել Արցախի անվտանգության ամբողջ համակարգը:


Ադրբեջանը, փաստորեն, այս մի քանի ամսվա ընթացքում հարաբերական խաղաղություն պահպանելով սահմաններում, պատրաստվում էր պատերազմի` ժամանակը հօգուտ իրեն օգտագործելով:


Ադրբեջանն ամրապնդեց իր դիրքերը Նախիջևանում` ՀՀ-ի սահմանների երկայնքով, ինչպես նաև ինժեներական կառույցներով ամրապնդեց 2016թ.-ի ապրիլին Ղարաբաղում գրաված որոշ դիրքեր: Դրան զուգահեռ Տավուշի մարզի սահմանում Ադրբեջանը տեղակայեց սահմանապահ ուժեր` դրանով ամրապնդելով այդ ուղղությունն ու լրացուցիչ ուժեր տեղափոխեց ղարաբաղյան ճակատ:


Հարաբերական անդորրից հետո ղարաբաղյան ճակատում շուտով հնարավոր են նոր ռազմական սադրանքներ Ադրբեջանի կողմից, որը կրկին ռազմական հռետորաբանության է անցել:


 


 


 

Նախիջևանում զորավարժություններ են մեկնարկել
Հաջորդ նորություն next