24.11.2024
ՊԲ-ում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ
prev Նախորդ նորություն

Գագիկ Ծառուկյանի որդին որևէ առնչություն չունի «Պարտեզ» ռեստորանի զինված միջադեպի հետ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ 2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնի խճուղում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մասնակիցների ամբողջ շրջանակը պարզելու, գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:


Հունվարի 29-ին «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել է տարբեր տեսակի հրազեն։ Արձակված կրակոցների հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ևս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։


Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ վիճաբանության մի շարք մասնակիցների, շարժառիթի վերաբերյալ։ Քրեական գործով ձերբակալվել է երկու անձ, որոնցից մեկը՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու, իսկ մյուսը՝ սպանության փորձ եւ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով:


Նախաքննության ընթացքում դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տեսակի և տրամաչափի պարկուճներ, կատարվել երկու տասնյակից ավելի խուզարկություններ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատագենետիկական և բազմաթիվ այլ փորձաքննություններ, հարցաքննվել մի քանի տասնյակ անձ, կատարվել բազմաթիվ առգրավումներ:


Նախաքննությունը շարունակվում է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք պարբերաբար։


Նշենք, այսօր մամուլը գրել էր, թե նախօրեին Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպին ներգրավված է եղել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։ Այս կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը.


«Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ Նվեր Ծառուկյանն այդ միջադեպի հետ որևէ առնչություն չունի և որևէ մասնակցություն չի ունեցել: Գործի շրջանակներում Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է և արդեն իսկ ապացուցված է նրա՝ զինված միջադեպի հետ որևէ կապ չունենալու հանգամանքը: Լրատվամիջոցների իմ գործընկերներին ևս մեկ անգամ հորդորում եմ հանրությանը մատուցել բացառապես ճշտված տեղեկատվություն և զերծ մնալ անբարեխիղճ մասնագիտական գործունեությունից»,- ասված է խոսնակի տարածած հայտարարության մեջ: