Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցի դիմաց ԱՄՆ դրոշն է կախված. ԲՀԿ-ական պատգամավոր
«Սուտ, ադրբեջանական թեզ, ադրբեջանական մամուլ կարդալու հետևանք։ Որքանով ես գիտեմ՝ Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցի դիմաց ԱՄՆ դրոշն է կախված. ես բան չունեմ ասելու, կարող է նաեւ Մոնղոլիայի դրոշը կախի, բայց մի բան հստակ գիտեմ, որ ՀՀ դեսպանատան գլխին կախված է եղել միայն ու միայն ՀՀ դրոշը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն`անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ դեսպանների մասին խորհրդարանի դահլիճում ունեցած ելույթին։
Aravot-ի հաղորդմամբ, Արման Աբովյանին դուր չէր եկել Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի գործունեությանն Արման Բաբաջանյանի անդրադարձը։ Նա կարծում է, որ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը շարունակեց «պտտեցնել ադրբեջանական այն թեզերը»:
«Նման տեղեկություններ ներգցվել էին մի պարզ պատճառով՝ նեյտրալիզացնել ամենաէֆեկտիվ դեսպաններից մեկին։ Ինչո՞վ է պայմանավորված նրա նման պահվածքը՝ չգիտեմ, ես պարզապես շոկ եմ ապրում»,- հայտարարեց Արման Աբովյանը:
Հիշեցնենք, նիստերի դահլիճում Արման Բաբաջանյանի ելույթից հետո նրան պատասխանեց Արման Աբովյանը: Նա երկար ժամանակ եղել է Անդրանիկ Մանուկյանի օգնականը։ Ելույթի ընթացքում վիճաբանություն եղավ նաեւ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ ԲՀԿ-ական պատգամավորների միջեւ: Անդրադառնալով դահլիճում տեղի ունեցած լեզվակռվին, Արման Աբովյանն ասաց.
«Մենք խնդիր չունենք ինքնահաստատվելու, բայց 3 տարուց ավելի աշխատելով Անդրանիկ Մանուկյանի խորհրդական, տեսնելով, որ ամեն օր այդ մարդն իր կյանքը դնում է ՀՀ-ի համար, չեմ կարող չխոսել։ Հավատացեք՝ այստեղ նախկին վերադասին պաշտպանելու խնդիր չէ»։ Արման Բաբաջանյանին հակադարձել էր նաեւ Անդրանիկ Մանուկյանի որդին`ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Մանուկյանը: Նա ռեպլիկ նետեց Արման Բաբաջանյանի հասցեին եւ հեռացավ նիստերի դահլիճից: Արման Աբովյանը դա նորմալ է համարում, քանի որ «որդին չի կարող հանդուրժել իր հոր մասին սուտը»։
Արման Աբովյանը ապատեղեկատվություն է որակում Արման Բաբաջանյանի այն հայտարարությունը, թե Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը սպասարկել է բացառապես ռուսական շահը։ Թե ի՞նչ քայլեր կձեռնարկի ԲՀԿ-ն այս առիթով, Արման Աբովյանը չգիտի: Հարցը կքննարկեն խմբակցությունում, հետո կորոշեն: Բայց ԲՀԿ-ական պատգամավորը վստահ է, որ Արման Բաբաջանյանը չի կարող իր հայտարարությունները փաստերով ապացուցել։ Մի բանում նա վստահ է «Լուսավոր Հայաստանն» իր ողջ կազմով անգամ ՀՀ-ի համար Անդրանիկ Մանուկյանի արածի նույնիսկ կեսը չի արել։