ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է ստեղծել կուսակցություն ու դառնալ ընդդիմություն:
«Եթե վերադառնում ես քաղաքականություն՝ պետք է այդ մասին մտածել»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մտադիր է կուսակցություն ստեղծել:
Նրա խոսքով, կուսակցության անունը սկզբունքային չէ, սկզբունքային են այն մոտեցումները, որոնք պետք է ադապտացնես. «Այժմ ես ընդդիմադիր դաշտում տեսնում եմ լրջագույն վակուում և կարծում եմ, որ այն պետք է լրացնել հանուն երկրի շահի»,- շեշտել է նախկին նախագահը:
Քոչարյանը նաև նշել է, որ ինքը ձգտում չունի զբաղեցնել ինչ-որ բարձր պաշտոն. «Եթե նման ձգտում ունենայի, ապա 10 տարի չէի ապրի մասնավոր կյանքով: Իրավիճակը զարգանում է այնպես, որ ներքաշում է քեզ մի գործընթացի մեջ, որը չես կարող անտեսել, հաշվի առնելով կենսագրությունդ, բնավորությունդ ու դիրքորոշումդ»,- ընդգծել է նա:
Միևնույն ժամանակ ռուսաստանյան գործակալության զրուցակիցը նշել է, որ ցանկություն չունի մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանի որ ուղղակի չի հասցնում.
«Ես անկուսակցական եմ եղել: Դա նշանակում է, որ ես պետք է կուսակցություն ստեղծեմ զրոյից, այլ ոչ թե վերականգնեմ այն, ինչ երբևէ գուցե եղել է: Ընդ որում, ես ուզում եմ ընտրությունների գնալ նոր, նորացված թիմով: Սովորաբար որո՞նք են առաջին գործողությունները, երբ ուզում ես թիմ հավաքել: Ուշադրություն ես դարձնում այն անձանց վրա, որոնց ճանաչում ես, շրջապատիդ, որի հետ շփվել ու աշխատել ես»,- պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ մտադիր է նոր, տաղանդավոր, երիտասարդ ու էներգիայով լի մարդկանց ներգրավել:
Քոչարյանը չի բացառել և հին թիմից մարդկանց ներգրավումը, թեև, ըստ նրա, ճիշտ է հենվել նոր սերնդի մարդկանց վրա: