Հայաստանը Արցախին կապող նոր՝ 3-րդ մայրուղին է կառուցվելու: Այդ մասին ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը լիբանանահայ գործարարների հետ հանդիպմանը։
Հայաստան-Արցախ լոգիստիկ կապերը շատ կարևոր են տնտեսական և անվտանգային առումներով: Այս պահին ՀՀ-ն Արցախին կապում է երկու ճանապարհ` Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ու վերջերս շահագործման հանձնված Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը: Այլընտրանքային Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի բացումն ունի մեծ նշանակություն` պատերազմական գործողությունների ընթացքում հայկական զորքերը կարող են ավելի օպերատիվ կերպով հասնել Արցախին օգնության:
Բացի ռազմական կարևորությունից, այդ ճանապարհը տնտեսական մեծ արդյունք ունի` տուրիստական և արտահանման-ներմուծման հետ կապված: Ցանկացած լոգիստիկ կապեր միայն ավելացնում են համագործակցության հնարավորությունները ՀՀ-ի մարզերի ու Արցախի միջև:
Հաջորդ ռազմական գործողությունների ընթացքում Բաքուն հարվածի տակ է պահելու ՀՀ-ն Արցախին կապող, սնուցող երակները, այդ թվում՝ անօդաչուների, ավիացիայի և հրետանու կրակի միջոցով, որպեսզի խաթարեն հայկական զորքերի օպերատիվ տեղաշարժը:
Այս պարագայում Արաքսի ափով` Արցախի հարավային սահմանների երկայնքով երրորդ ճանապարհի շինարարությունն ունի մեծ ռազմավարական նշանակություն: Նախ, Սյունիքն ու Արցախը կկապվեն ևս մեկ որակյալ ճանապարհով, ինչը կարևոր է տնտեսական, գյուղատնտեսական կապերն ամրապնդելու համար ` մերձարաքսյան շրջաններում զարգացած է գյուղատնտեսությունն ու այդ ճանապարհը թույլ կտա արտահանել արտադրանքը Սյունիք, այսինք Հայաստան:
Բացի այդ, Արաքսի ափով ձգվող ճանապարհը թույլ կտա անհրաժեշտության դեպքում իրականացնել զորքերի տեղաշարժ`Արցախի այլ պաշտպանական շրջաններից դեպի տանկային խոցման համար բավականին վտանգավոր(танкоопасное направление) մերձարաքսյան շրջաններ: Այդ ճանապարհը կծառայի նաև որպես ռոկադային ճանապարհ:
Ինչ վերաբերում է տնտեսական օգուտներին, ապա այդ ճանապարհը հնարավորություն կտա զբոսաշրջիկների համար բացել Արցախի հարավը` Արաքսի հովիտը, ինչը նոր ուղղություն է և կակտիվացնի տեղում տնտեսական կյանքը` հյուրանոցների, ռեստորանային համալիրների կառուցում և այլն:
Նշենք, որ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի առկայությունն ակտիվացրել է նաև Քարվաճառի վերաբնակեցումը, ինչը կարևոր նշանակություն ունի Արցախի համար: Արցախ-ՀՀ միմյանց կապող երրորդ ճանապարհն էլ թույլ կտա բնակեցնել Քաշաթաղի շրջանի հարավն ու մերձարաքսյան շրջանը`դրանով իսկ վերջ դնելով Իրանի հետ սահմանակից այդ կարևոր շրջաններն` Ադրբեջանին վերադարձնելու մասին խոսակցություններին: