Ճամփիդ լու՜յս, Շառլ. Հայաստանն ու Արցախը սգում են Ազնավուրի մահը

Հայաստանն ու Արցախը սգում են մեծանուն ֆրանսիահայ շանսոնիե Շառլ Ազնավուրի մահը: «Ազնավուրի» հրապարակում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած մոմավառությունից հետո, նրա հուղարկավորության օրը Հայաստանում կհայտարարվի սուգ:


«Ազնավուր» հիմնադրամը տեղեկացնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ից, Երեւանի «Ազնավուր» կենտրոնում (Կասկադի հարեւանությամբ) կբացվի սգո մատյան՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի։


Բոլոր ցանկացողները կարող են կենտրոն բերել ծաղիկներ, մոմեր՝ հարգանքի տուրք մատուցելու մեծն Ազնավուրի հիշատակին։ Շառլ Ազնավուրը մահացել է երեկ՝ 94 տարեկան հասակում:


Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել Հայաստանի ու Արցախի ղեկավարները: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձում մասնավորապես, ասված է.


«Անասելի ցավ ապրեցի ծանր հարվածից՝ Ազնավուրն այլևս չկա... Համայն մարդկությունը կորցրեց 20-րդ դարի ամենազգայուն հոգիներից մեկին:


Շառլը մարդու հավաքական կերպարն էր՝ իր հույզերով ու ապրումներով, կյանքի դժվարություններով ու երազանքներով, սերերով ու ատելություններով: Դարի նման ձգվող իր երկար կյանքի ընթացքում իր հոգեպարար երգերով, իր անկրկնելի կերպարով որքա՜ն հույս է վառել նա միլիոնավորների սրտում, որքա՜ն ցավեր ամոքել...


Գրեթե մեկ դար գլորած բեմի հսկան դեռևս զսպանակի նման պիրկ ու ամուր էր լուսարձակների առջև, նրա անկրկնելի ձայնը դեռևս փոթորկում էր մարդկային հոգին, պատանիներն ու երիտասարդները, արդեն ճերմակած նրա միլիոնավոր երկրպագուները վարակվում էին կյանքի այն լուսավոր սիրով, որ ճառագում էր Հավերժի այդ ճամփորդից:


Մեզնից հեռացավ Հայը, որը միայն ֆիզիկապես էր գտնվում հայրենիքից դուրս. Հայրենիքը նրա մեջ էր, նա` Հայրենիքի…


Համաշխարհային ու հայկական մշակույթից պոկվեց մի մեծ ու վառվռուն ասուպ, որն իր հետագծով շարունակելու է հավերժական ճամփորդությունն արվեստասերների հոգում և սրտում…


Ես կորցրի իմ լավագույն բարեկամներից մեկին, ում հետ յուրաքանչյուր հանդիպում յուրահատուկ էր իր ջերմությամբ ու անջնջելի տպավորությամբ… Սակայն դու միշտ մեզ հետ ես, սիրելի Շառլ, քո ժողովրդի հետ, քո Հայաստան և Ֆրանսիա հայրենիքների հետ…


Անկեղծորեն ցավակցում եմ և վշտակցում Շառլ Ազնավուրի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, Հայաստանի ու Ֆրանսիայի ժողովուրդներին,Ազնավուրի արվեստի միլիոնավոր երկրպագուներին:


Ճամփիդ լու՜յս, Շառլ...»։


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա մեծանուն հայ, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան եւ հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան մասին։ Աշխարհահռչակ շանսոնյեի մահը մեծ կորուստ է մեր ժողովրդի համար: Իր անմահ արվեստի միջոցով Ազնավուրն աշխարհին էր ներկայացնում Հայաստանն ու համայն հայությանը: Օրհասական պահերին նա միշտ հարազատ ժողովրդի կողքին էր, անում էր հնարավորը համազգային խնդիրների անգնահատելի ավանդը բերելու ուղղությամբ:


Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մեր ողջ ժողովրդին, նրա անզուգական արվեստի բոլոր երկրպագուներին։ Շառլ Ազնավուրի անունը ոսկե տառերով է գրվել համաշխարհային երգարվեստի ու հայ ժողովրդի պատմության մեջ, նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...