Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո Հայաստանի կառավարությունը պատրաստվում է հերթական արտահերթ ընտրություններին: Այս անգամ, խոսքը համապետական, խորհրդարանական ընտրությունների մասին է, որի կազմակերպման վերաբերյալ քննարկումներ են անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարա Վահրամ Բաղդասարյանը:
Նրանք հանդիպեցին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի սրճարանում հոկտեմբերի 1-ի երեկոյան: Հանդիպման ավարտից հետո Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում են երկու-երեք տարվա ընթացքում կազմակերպել արտահերթ ընտրություններ, սակայն ՀՀԿ այլ կարծիքի է: “Համատարած էյֆորիայի պայմաններում ընտրություններ չեն կազմակերպում”, - ասել է հանդիպումից հետո Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ անգամ Երեւանի ավագանու ընտրությունները, որում համոզիչ հաղթանակ տարավ “Իմ քայլը” դաշինքը, չեն արտահայտել արտացոլեցին իրական քաղաքական դաշտը:
Քննարկման օրակարգում եղել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քաղաքական ուժերի հետ քննարկումների շարք է անցկացնելու այդ հարցով:
«Մտքեր փոխանակեցինք հարցի վերաբերյալ եւ պայմանավորվեցինք, որ բանակցային գործընթաց պետք է սկսվի»,- հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա հանդիպման բովանդակությունից շատ մանրամասներ չպատմեց, միայն ասաց, որ որոշումը մեկ հանդիպումով չի կայացվելու: «Մենք մտածում ենք, որ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ, ասենք մի երկու-երեք ամսվա ընթացքում»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը:
Վահրամ Բաղդասարյանը մնում է իր կարծիքին`համատարած էյֆորիայի պայմաններում ընտրություններ չեն կազմակերպում. «Պետք է տրվի ժամանակ, որպեսզի քաղաքական ուժերը նախապատրաստվեն, որպեսզի նաեւ հնարավորություն տանք վարչապետին`մի որոշ ժամանակ աշխատի, որ հանրությունը կարողանա ճիշտ գնահատական տալ»:
Վարչապետն իր հերթին անդրադարձավ քաղաքական դաշտում եւ մամուլում շրջանառվող փաստարկին, որ խորհրդարանում էլ նույն պատկերը լինի, ինչ եղավ Երեւանի ավագանիում եւ ՔՊ-ն 80 տոկոս ձայն կհավաքի:
«Ես ուզում եմ ասել, այդպիսի բան չի կարող լինել, որովհետեւ ըստ գործող սահմանադրության, խորհրդարանում 1\3 պետք է ընդդիմադիր լինի: Եթե անգամ ապագա խորհրդարանում որեւէ ուժ 80 տոկոս ձայն ստանա, ընդդիմադիր ուժերի ներկայացվածությունը չի կարող այսօրվանից պակաս լինել: Կլինի այն, որ կառավարությունը կունենա մեծամասնություն, որը նրան հնարավորություն կտա լիարժեք գործել եւ ըստ էության զբաղվել երկրի օրակարգի հարցերով: Կունենանք լեգիտիմ իշխանություն`խորհրդարանական մեծամասնություն եւ լեգիտիմ փոքրամասնություն:
Եթե նույնիսկ երկրորդ քաղաքական ուժը կամ ուժերը հինգ տոկոս ձայն հավաքի, ինքը բոնուսով ստանալու է այնքան ձայն, որ 1\3 կկազմի եւ ընդ որում, ունենալու է երաշխիքներ`ԱԺ նախագահի տեղակալի համար: Էլ չեմ ասում, որ այդ երաշխիքները կարող ենք ուժեղացնել, եթե որեւէ կասկած կա: Պատրաստ ենք, որ ընդդիմությունը ԱԺ-ի հանձնաժողովի նախագահի համար էլ քվոտա ունենա: Այսօր գոյություն ունեցող կարգավորումները երաշխավորում են, որ 1\3-ը `30 պատգամավոր, ընդդիմադիր կլինի»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով ՀՀԿ-ականների հրապարակային հայտարարություններին, որ խորհրդարանական ընտրությունները պետք է 2022-ին լինեն, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը դա համարում է ոչ կառուցողական դիրքորոշում, քանի որ ամեն ինչ հանգել է նրան, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը թիվ մեկ հարց է դարձել երկրում. «Բոլորը շունչները պահած սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որովհետեւ եթե այդ հարցը չլուծվի, երկրում որեւէ այլ հարց չի լուծվելու: Եվ եթե որեւէ քաղաքական ուժ դեմ է, նշանակում է, որ այդ ուժն ուզում է, որ մեր ժողովուրդը շունչը պահած շարունակի մնալ: Դա սխալ մոտեցում է: Խորհրդարանական ընտրությունները չեն կարող հերթական լինել»:
Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ քննարկումների մեկնարկը տրված է, եկել են համաձայնության, որ բանակցությունները կշարունակվեն, ձեւաչափն էլ առաջիկայում կորոշվի: Թե ի՞նչ բովանդակային առաջարկ է արել Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանը չմանրամասնեց: Ասաց`մյուս քաղաքական ուժերի հետ էլ քննարկումներ կլինեն, հետո միասին կհավաքվեն, իմի կբերենք քննարկումների արդյունքները եւ հայտարարություն կանենք: Վահրամ Բաղդասարյանը հրաժարվեց արտահերթ ընտրությունների անցկացման մոտավոր ժամկետների մասին խոսել, ասաց`միանձնյա որոշում-հայտարարություն չի անի: Բայց ասաց, որ ինքը այս հանդիպմանը ներկայացել է ՀՀԿ խմբակցության 49 անդամների անունից:
Ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու երաշխիքը Նիկոլ Փաշինյանը չի համարում ընտրական օրենսդրության փոփոխումը կամ բարեփոխումը, ինչի մասին խոսում են խորհրդարանական քաղաքական ուժերը: Այդ երաշխիքը նա տեսնում է քաղաքական կամքի մեջ: Առաջիկա շաբաթվա ընթացքում այս հանդիպումները կշարունակվեն նաեւ խորհրդարանական մյուս խմբակցությունների ղեկավարների հետ: Ըստ անհրաժեշտության, քննարկումներ կլինեն նաեւ որոշ արտախորհրդարանական ուժերի հետ եւս:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների որոշման ամրագրման երկու տարբերակ է վարչապետը տեսնում: Մեկի մասին խոսել էր ավելի վաղ` սահմանադրական փոփոխություններ: Մյուս տարբերակը վարչապետն այսօր գաղտնազերծեց`հրապարակային համաձայնություն է ստորագրվում, որ այսինչ օրը վարչապետը հրաժարական է տալիս, որի տակ ստորագրում են խորհրդարանական բոլոր ուժերը եւ այդ քաղաքական ուժերը երկու անգամ թեկնածու չեն առաջադրում: Արդյունքում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Երկու տարբերակն էլ ռիսկեր ունեն, պետք է քննարկել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Երաշխիք, որ քաղաքական ուժերը չեն խախտի պայմանավորվածությունը, նա համարում է ժողովրդին. «Հիմա մեզ հետ ձեռք բերված որեւէ համաձայնություն հնարավոր չէ խախտել»:
Հաջորդ հանդիպման մասին կողմերը կպայմանավորվեն լրացուցիչ: Թե ե՞րբ են միմյանց կոնկրետ առաջարկներ ներկայացնելու, Վահրամ Բաղդասարյանը չգիտի: Նա հրաժարվեց պատասխանել արտահերթ ընտրությունների ելքին վերաբերվող հարցերին: Ասաց`երբ ընտրությունների օրը կորոշվի, նոր մնացյալ հարցերի մասին կարծիք կհայտնի: