Ինչո՞ւ է անհանգստացած Ալիեւը․ ԱԳՆ-ն անդրադարձել է Ադրբեջանի ղեկավարի հայտարարությանը
Հայաստանում տեղի ունեցող գործընթացները եւ դրանց աշխարհի արձագանքը հստակ ցույց են տալիս, թե ինչու է հարեւան երկրի նախագահն այդքան նյարդայնանում։
Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ «Թվիթեր»-ի միկրոբլոգում կատարած գրառմանը, համաձայն որի՝ «միջազգային դիտորդների դրական արձագանքը Հայաստանի հանրապետությունում կայացած նոր ընտրություններին պետք է հետաքննվի»:
«Հայաստանում տեղի ունեցող գործընթացները եւ դրանց աշխարհի արձագանքը հստակ ցույց են տալիս, թե ինչու է հարեւան երկրի նախագահն այդքան նյարդայնանում»,- ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջում գրել է Տիգրան Բալայանը:
Իլհամ Ալիեւը «Թվիթեր»-ի իր էջում մեկ օր շուտ քննադատել էր նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին միջազգային դիտորդների տված դրական գնահատականը՝ այն դեպքում, երբ ընտրությունները դեռ չէին կայացել, եւ դրանց վերաբերյալ որեւէ արձագանք դեռեւս չէր հնչել:
Նա հորդորել էր հերքել միջազգային դիտորդների դրական արձագանքը Հայաստանի Հանրապետությունում կայացած նոր ընտրություններին։
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել երեկ՝ սեպտեմբերի 23-ին: Ավելի ուշ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին անդրադարձել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանում վերջերս տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցումը համարել է նման հարցերը կարգավորելու ֆանտաստիկ օրինակ:
«Մենք վերջերս ունեցանք իշխանությունը խաղաղ փոխանցելու ֆանտաստիկ օրինակ, որը տեղի ունեցավ Հայաստանում: Դա ֆանտաստիկ օրինակ է, որը խոսում է այն մասին, որ պատճառներ կան հավատալու, որ նոր սերունդն ընդունակ կլինի ավելի լավ որոշումներ կայացնել, քան իմ սերունդը»,- ասել է Գուտերեշը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ: