Անհրաժեշտ է վերականգնել արցախյան բանակցությունների եռակողմ ձեւաչափը․ Մայիլյան
Սեպտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Լայպցիգի համալսարանի Լայբնիցի անվան Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի փոխտնօրեն Շտեֆան Թրյոբսթի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ արտաքին գործերի նախարարը նշել է, որ նման այցերը լավ առիթ են Արցախի մասին ճշգրիտ և ամբողջական պատկերացում կազմելու համար, և հույս հայտնել, որ տվյալ այցը հնարավորություն կընձեռի քննարկելու գիտական ոլորտում համագործակցության հեռանկարները։
Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել տարբեր բնագավառներում՝ ներառյալ գիտական-կրթական ոլորտում արտաքին կապերի և համագործակցության հաստատման ուղղությամբ Արցախի իշխանությունների կողմից իրականացվող քայլերին՝ կարևորելով միջազգային գործընթացներին Արցախի համակողմանի ներգրավումը։
Հյուրերի խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները, անդրադարձել հանրապետության միջազգային ճանաչման և տարբեր երկրների սուբյեկտների հետ ապակենտրոնացված համագործակցության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին։
Խոսելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին՝ Մասիս Մայիլյանը նշել է, որ բանակցային գործընթացի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է վերականգնել եռակողմ բանակցային ձևաչափը՝ Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների լիիրավ մասնակցությամբ։
Նախարարը նշել է, որ Արցախի իշխանությունները պատրաստ են դե յուրե ստանձնել տարածաշրջանային կայունության պահպանման համար պատասխանատվության իրենց բաժինը: Միևնույն ժամանակ, ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման իրավունքի իրացման փաստի վրա։
ԱԳՆ ղեկավարը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին։