Կկարողանա՞ ԵԺԿ-ն մաքրել Ադրբեջանի կողմից իր վզին փաթաթած կոռուպցիայի խարանը
Այսօր մեկնարկել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նստաշրջանի ընթացքում սպասվում են որոշ հետաքրքիր զարգացումներ, որոնց մասին նա կտեղեկացնի պարբերաբար:
«Դրանցից առաջինը ԵԺԿ խմբում տեղի ունեցող զարգացումներն են: Այս պահին այստեղ է ԵԺԿ խմբի նախագահ Ժոզեֆ Դոլը:
Անցյալ նստաշրջանին կոռուպցիոն հանձնաժողովի զեկույցից հետո ԵԽԽՎ-ում ԵԺԿ նախագահ Չեզարե Պրեդան հրաժարական տվեց: Այս նստաշրջանի ընթացքում, սակայն, խմբի ղեկավարի ընտրություն չի լինի: Խմբի բյուրոն, որի անդամ եմ նաև ես, որոշել է հետաձգել խմբի ղեկավարի ընտրությունը մինչև աշնանային նստաշրջան: Պատճառը վերջին երկու տարվա ընթացքում խմբում առկա մթնոլոտը և տարաձայնություններն են: Այս հետաձգումը հնարավորություն կտա ավելի հանգիստ նախապատրաստվել ընտրություններին և վերականգնել խմբի միասնականությունը:
Խմբի բյուրոյի նիստը ավելի կառուցողական էր, քան երբևէ... Դա հույս է ներշնչում, որ ԵԺԿ կկարողանա մաքրել Ադրբեջանի կողմից իր վզին փաթաթված կոռուպցիայի խարանը, քանդել անհանդուրժողականության պատը, վերացնել բաժանարար գծերը ու դառնալ միասնական, ազդեցիկ, ինչպես նախկինում էր»,- գրել է Հովհաննիսյանը իր Facebook-յան էջում: