ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այս շաբաթ պատասխանել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի՝ ANCA ղեկավար Րաֆֆի Համբարյանի` իրեն ուղղված նամակին՝ «ոգևորորություն» հայտնելով Հայաստանում տեղի ունեցած խաղաղ, սահմանադրական քաղաքական փոփոխությունների կապակցությամբ: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է հայ-ամերիկյան բարեկամությունն ու պատրաստակամությունն աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ փոխադարձ հետաքրքրություններն առաջ մղելու համար: Այս մասին հաղորդում է ANCA-ն:
«Մենք ողջունում ենք Պետքարտուղար Պոմպեոյի ոգևորությունը Հայաստանում խաղաղ, սահմանադրական քաղաքական անցման կապակցությամբ և ակնալում ենք նրա և նրա թիմի հետ մեր երկկողմ համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի վրա», - արձագանքելով ԱՄՆ Պետքարտուղարի նամակին` ասել է Րաֆֆի Համբարյանը:
«Մենք համոզված ենք, որ շարունակական քարոզչության ու երկկողմանի բավարար կամքի շնորհիվ, մենք կտեսնենք առաջընթաց «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրում, որը կրթության ոլորտում նոր հնարավորություններ կընձեռնի հայ երիտասարդներին», - ասել է Րաֆֆի Համբարյանը:
Նշենք, որ Պետքարտուղար Պոմպեոն իր նամակով պատասխանել է 2018թ. մայիսի 17-ին Ամերիկայի հայ ազգային կոմիտեի ղեկավար Րաֆֆի Համբարյանի կոչին, որում նա դիմել էր պետքարտուղարին` որպես «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի խորհրդի նախագահի՝ հորդորելով աջակցել Հայաստանին 140 մլն դոլարի ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացի արագացմանը: Այդ դրամաշնորհը նախատեսված է ուղղել Հայաստանի հանրակրթական դպրոցներին` գիտության, տեխնոլոգիաների, ինժեներիայի, արվեստի, մաթեմատիկայի ոլորտներում (STEAM- Science, Technology, Engineering, Art, Math) առաջընթաց գրանցելու համար:
«Մենք գնահատում ենք «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի հետ կապված ձեր նոր գաղափարը, որն ուղղված է Հայաստանում STEAM կրթության զարգացմանը», - նշել է ԱՄՆ պետքարտուղարն ու պատրաստակամություն հայտնել աջակցել Հայաստան-«Հազարմյակների մրտահրավերներ» կորպորացիայի համագործակցությանը` նշելով, սակայն, որ կորպորացիան չունի աջակցության տրամադրման հարցն արագացված կարգով քննարկելու ընթացակարգ:
«Հուսով ենք, որ այս տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունն առաջընթաց կարձանագրի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի չափանիշների հարցում, որպեսզի ՀՄԿ-ի տնօրենների խորհուրդը կարողանա Հայաստանին դիտարկել ամենամյա ընտրության ընթացքում», - նշել է պետքարտուղար Պոմպեոն:
Վերջերս Ամերիկայի հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացրել Սպիտակ տան մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև պետդեպարտամենտի ու Կոնգրեսի ներկայացուցիչների հետ, ովքեր կողմ են արտահայտվել Հայաստանին այս կրթական դրամաշնորհի տրամադրմանը:
ՀՄԿ-ի STEAM (Science, Technology, Engineering, Art, Math) դրամաշնորհով, ինչպես Հայաստանի հարևան Վրաստանում, 75 մլն դոլար ուղղվելու է դպրոցների ենթակառուցվածքների զարգացմանը, 30 մլն դոլար` STEAM ոլորտային ծրագրերի իրականացմանը, 15 մլն դոլար` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աճող պահանջարկը լրացնելու համար մասնագիտական կրթության ապահովմանը:
«Հազարամյակների մարտահրավերների» այս դրամաշնորհն, ըստ ամենայնի, բաշխվելու է 5 տարվա ընթացքում և դրա կատարողականը վերահսկվելու է տրամադրողների կողմից, որպեսզի այն օգտակար լինի Հայաստանի ողջ տարածքի ուսանողների համար:
Թարգմանությունը՝ aysor.am: