22.11.2024
Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան. դատախազություն
prev Նախորդ նորություն

Ներգնա զբոսաշրջությունը Հայաստանում. թվերն աճում են, կառուցվածքը՝ փոխվում

2017 թվականը թերևս բեկումնային կարելի է համարել ՀՀ-ում ներգնա զբոսաշրջության զարգացման համար, դա նախևառաջ, պայմանավորված է Զբոսաշրջության Պետական Կոմիտեի (դեկտեմբերի 22, 2016թ), Զբոսաշրջության Զարգացման Հիմնադրամի (հունիսի 29, 2017թ) ստեղծմամբ, ապա նաև տարբեր երկրների հետ ազատ մուտքի ռեժիմի հաստատմամբ, ինչպես նաև մարքեթինգային ջանքերի ինտենսիվացմամբ։


Արդյունքում, 2017թ-ին արձանագրվել է ներգնա զբոսաշրջության շեշտակի աճ՝ 18.7%, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2010թ-ից ի վեր։ Առհասարակ, պետք է նշել, որ վերջին 10 տարիների ընթացքում ներգնա զբոսաշրջության ոլորտում անկում արձանագրվել է միայն 2015թ-ին, այն էլ 1%-ի չափով, գրում է b4b.am-ը։


Տնտեսական անցուդարձին հետևողները, թերևս, արդեն տեղյակ են, որ 2017 թվականին Հայաստան են այցելել ռեկորդային թվով զբոսաշրջիկներ, մոտավորապես՝ 1.5 մլն։ 2016 թվականի համեմատ՝ այս ցուցանիշն աճել է տպավորիչ 18.7%-ով։


Զբոսաշրջության տվյալները ներկայացնելիս՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հիմնվում է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության վրա, ըստ որի՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ, և ոչ ավել, քան անընդմեջ 1 տարի ժամանակով:


Այսինքն`նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:


Այսինքն, սա այցելուների թիվը չէ (այցելուներն ավելի շատ են)։ Այս պահը հարկ համարեցինք հատուկ ընդգծել, որովհետև թե՛ մամուլում, թե՛ այլ հարթակներում զբոսաշրջիկների թիվը շփոթում են այցելուների թվի հետ, հատկապես, երբ համեմատականներ են տանում Վրաստանի հետ։


Միեւնուն ժամանակ հիմք ընդունելով օտարերկրյա քաղաքացիների ՀՀ ժամանման վիճակագրությունը, մենք փորձել ենք անդրադառնալ նաև ներգնա զբոսաշրջության կառուցվածքին և դրա փոփոխությանը։ Այս առումով պետք է ասել, որ 2014թ-ի համեմատ 2017թ-ին առաջատար երկրները մնացել են նույնը՝ Ռուսաստան (39.7%), Վրաստան (21.8%), Իրան (15%), ԱՄՆ (3%) և Ուկրաինա (2%), պարզապես ԱՄՆ-ն և Ուկրաինան տեղերով փոխվել են։ Միևնույն ժամանակ պետք է ասել, որ եթե 2014թ-ին առաջատար հնգյակի գումարային մասնաբաժինը կազմում էր 85.2%, 2017թ-ին կազմել է՝ 81.6%, այսինքն տեղի է ունեցել ներգնա զբոսաշրջության չափավոր դիվերսիֆիկացիա ըստ երկրների։


Ուսումնասիրելով օտարերկրյա քաղաքացիների ժամանումների դինամիկան 2014-2017թթ-ին պետք է արձանագրել, որ հավելաճի բացարձակ մեծությամբ առաջատարներն են ՌԴ-ն՝ մոտ 116 հազ․ և Իրանը մոտ 104 հազ․, իսկ հարաբերական մեծությամբ բացարձակ առաջատարը Ֆիլիպիններն (ավելի քան 32.6 անգամ (2014թ- 674, 2017թ-22,007)) ու Չինաստանը (մոտ 3.6 անգամ), ընդ որում՝ ֆիլիպինցիների ժամանման այսպիսի աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱՄԷ-ում փաստացի աշխատող, սակայն աշխատանքային իրավունք չունեցող օտարերկրացիները, պարտավոր են պարբերաբար երկիրը լքել և նորից վերադառնալ միգրացիոն օրենսդրության խախտումներ թույլ չտալու համար։


Անդրադառնալով 2017թ-ի ցուցանիշին, պետք է նշել, որ նախորդ տարվա համեմատ ՀՀ ժամանող օտարերկրյա քաղաքացիների թիվը աճել է շուրջ 265 հազ․-ով, ընդ որում՝ առավել շատ նպաստել են՝ ՌԴ-ն,Վրաստանը և Իրանը, համապատասխանաբար՝ 47%, 11.5% և 11%, առհասարակ ժամանողների թվի աճ է արձանագրվել 51 երկրի գծով և 2016թ-ի համեմատ ավելի քիչ ժամանողներ են եղել միայն Թուրքիայից և Իրաքից։


Ամփոփելով այս մասնը պետք է նշել, որ 2017թ-ին ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակն աճել է ավելի արագ տեմպով (18.7%), քան անհրաժեշտ է (15.6%) ներգնա զբոսաշրջային այցելությունների 3 մլն թիրախային ցուցանիշին 2022թ-ին հասնելու համար (ըստ Կառավարության 2017-2022թթ-ի ծրագրի), ինչը ողջունելի է։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ առաջիկայում նախատեսվում է փոփոխել ներգնա զբոսաշրջային այցելությունների հաշվառման մեթոդաբանությունը, ինչը թույլ կտա շատ բարձր ճշգրտությամբ հաշվարկել ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակը, որի արդյունքում մեր կանխատեսմամբ էականորեն կավելանա ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակը, հետևաբար կարիք կառաջանա վերանայել թիրախային ցուցանիշը։


Առհասարակ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների հիման վրա իրականացվող հաշվառումը, թույլ կտա ոչ միայն ներգնա զբոսաշրջիկների քանակը ավելի ճշգրիտ հաշվարկել, այլև ունենալ այնպիսի տվյալներ ինչպիսիք են՝ ներգնա զբոսաշրջիկների բաշխումն ըստ քաղաքացիության երկրի, սեռի, սահմանային անցման կետերի, տարիքային խմբերի և այլն, որը խիստ անհրաժեշտ տեղեկատվություն է ոլորտում գործող ընկերությունների մարքեթինգային ռազմավարությունը մշակելու համար։


Մյուս կողմից ներգնա (միջազգային) զբոսաշրջությանը վերաբերող անցյալ տարվա տվյալներից ամենաուշագրավը, թերևս, հյուրանոցներում և ոչ հյուրանոցներում տեղավորված զբոսաշրջիկների կառուցվածքն է ու դրա փոփոխությունը։


Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասն ավանդաբար տեղավորվել է ոչ թե հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, այլ բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում, և այլն։


Կոնկրետ 2017 թվականի համար պատկերը հետևյալն է՝ 1 494 779 զբոսաշրջիկներից 1 230 077-ը տեղավորվել են բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլ նմանատիպ տեղերում, 264 702-ը՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում։ Այսինքն՝ հյուրանոցներում տեղավորվել է զբոսաշրջիկների ընդհանուր թվի 17.7%-ը։


Ինչ խոսք, կշիռը փոքր է, սակայն նախորդ տարիներին հյուրանոցներում տեղավորված զբոսաշրջիկների կշիռն է՛լ ավելի փոքր է եղել՝ 13.7-13.8%-ի սահմաններում։ Օրինակ, 2016 թվականին Հայաստան ժամանած 1 259 657 զբոսաշրջիկներից հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղավորվել է 174 724-ը կամ 13.9%-ը։


2017 թվականին հյուրանոցներում տեղավորվածների կշռի մեծացումը հետևանք է այն բանի, որ հյուրանոցը նախընտրող զբոսաշրջիկների աճի տեմպն անհամեմատ ավելի բարձր է եղել, քան կացության այլ վայրեր նախընտրողներինը։ Այսպես, 2017 թվականին՝ 2016 թվականի համեմատ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղավորված զբոսաշրջիկների թիվն աճել է 51.5%-ով, իսկ բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլ վայրերում տեղավորվածների թիվը՝ 13.4%-ով։


Ճիշտ է, բացարձակ թվի աճով հյուրանոցները դեռ զիջում են. հյուրանոցներում տեղավորվածների թիվն աճել է 89 978-ով, մյուսներինը՝ 145 144-ով։ Սակայն դինամիկան ակնհայտորեն առաջինի օգտին է։ Այսինքն, կարող ենք փաստել, որ հյուրանոցային ծառայությունների նկատմամբ պահանջարկն աճել է։


Թե ինչով է սա պայմանավորված, դժվար է ճշգրիտ ասել՝ առանց համապատասխան վերլուծություն անելու։ Ամեն դեպքում, տրամաբանությունը մի պատասխան հուշում է։ Զբոսաշրջիկների մեջ մեծ թիվ են կազմում մեր հայրենակիցները, որոնք մշտապես բնակվում են արտերկում։


Բնական է, որ նրանց մեծ մասը հյուրանոցի փոխարեն տեղավորվում է այստեղի բարեկամների կամ հարազատների տանը։ Իսկ հյուրանոցներում սովորաբար տեղավորվում են, պայմանականորեն ասած, դասական տուրիստները, հիմնականում՝ օտարազգիները, որոնք Հայաստանում բարեկամներ չունեն։ Ստացվում է, որ Հայաստանի նկատմամբ աճել է հետաքրքրությունը հենց օտարերկրացիների մոտ, ինչը, իհարկե, դրական երևույթ է։