Կիմ Չեն Ընը կհանդիպի Թրամփին․ Հյուսիսային Կորեայի առաջնորդը բոլորից ճկուն գտնվեց․ փորձագետ
Կիմ Չեն Ընը կհանդիպի Թրամփին, Հյուսիսային Կորեայի առաջնորդը բոլորից ճկուն գտնվեց, կարծում է Թաֆթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոցի գիտաշխատող Սուրեն Սարգսյանը։
Նրա խոսքով, Հյուսիսային Կորեայի առաջնորդն իր համար բավականին հարմար պահի է հանդիպում ԱՄՆ նախագահի հետ։
«Հյուսիսային Կորեայի առաջնորդը բոլորից ճկուն գտնվեց.
ստեղծեց միջուկային զենք, չնայած աննախադեպ ճնշումներին։
դարձավ միջուկային պետություն, չնայած «կարմիր գիծը» չանցնելու ամերիկյան 10-ամյա կոչերին։
հիմա արդեն միջուկային պետության դիրքերից պատրաստ է բանակցել, այն էլ թիվ մեկ թշնամու՝ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ։
Այս ամբողջ պատմության մեջ Կիմ Չեն Ընն ավելի ճկուն գտնվեց, քան վեցնյակի պետությունները, որոնք տարիներ շարունակ բանակցում էին միջուկային ծրագրի շուրջ։
Մայիսին , հավանաբար կկայանա Թրամփ-Կիմ Չեն Ըն պատմական հանդիպումը», - գրում է Սուրեն Սարգսյանն Facebook-ի իր էջում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տվել է իր համաձայնությունը՝ հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ մինչեւ մայիս: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Չոն Իյ Էնը:
«ԿԺԴՀ-ի վրա գործադրվող ճնշումները շարունակվում են, մինչեւ որ Հյուսիսային Կորեան իր խոսքերը գործի վերածի»,-հավելել է Էնը:
ԱՄՆ-ի նախագահի համաձայնությունը՝ Կիմ չեն Ինի հետ հանդիպելու մասին, հաստատել է նաեւ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
Ըստ նրա խոսքերի, հանդիպման տեղն ու ժամը կհամաձայնեցվի քիչ ավելի ուշ, իսկ մինչ այդ ճնշումներն ու պատժամիջոցները Կորեայի նկատմամբ կպահպանվեն: