Վրաստանից ՀՀ է տեղափոխվել «Իգլա»-ի գործով հետախուզվողը
27.12.2017
Հայաստանի և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցության արդյունքում, քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով Վրաստանից Հայաստան է տեղափոխվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության և դրա ապօրինի շրջանառության համար հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2017 թվականի մարտի 24-ին որոշում է կայացվել նշված արարքների համար Ռոբերտ Աղվանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ԱԱԾ աշխատակիցների և Վրաստանի ՆԳՆ Կրիմինալ ոստիկանության Կենտրոնական Դեպարտամենտի համագործակցությամբ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում Ռ. Աղվանյանը մարտի 27-ին հայտնաբերվել է Թբիլիսի քաղաքում:
Վերջինիս ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է և 2017 թվականի դեկտեմբերի 25-ին նա տեղափոխվել է ՀՀ: