ANCA-ն ողջունում է կոնգրեսականի՝ Արցախը չպայթած ականներից պաշտպանելու ջանքերի համար
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի անդամ Դևիդ Վալադաոյի՝ Արցախի Հանրապետության բնակիչներին ականներից և այլ չպայթած զենքերից պաշտպանելուն ուղղված արշավն ավարտին հասցնելու համար աջակցություն փնտրելուն ուղղված ջանքերը: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Կոնգրեսական Վալադաոն Ներկայացուցիչների պալատում ակտիվորեն ջանքեր է գործադրել, որպեսզի 2018 թվականին արտաքին օգնության օրինագծում առաջնահերթություն տրվի HALO Trust-ին տրամադրվող աջակցության ապահովմանը։ HALO Trust-ը ոչ կառավարական կազմակերպություն է, որը 2006 թվականից ի վեր հազարավոր պայթուցիկ սարքեր է ոչնչացրել, ինչի շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել: Այդ աշխատանքը նպաստել է տարածաշրջանային կայունությանը և տևական ու ժողովրդավարական խաղաղության հեռանկարին:
«Ես գնահատում եմ իմ գործընկերությունն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ այս կյանքեր փրկող, խաղաղությանը նպաստող նախաձեռնության շուրջ: Ականազերծումը կյանքեր է փրկում, այն հնարավորություն է ընձեռում հողագործներին աշխատել իրենց հողում՝ ականների վտանգից ազատ, և ավելի երկարաժամկետ հեռանկարով պայմաններ ստեղծում Արցախի և Ադրբեջանի միջև բանակցությունների միջոցով խաղաղության հաստատման համար»,- մասնավորապես ասել է կոնգրեսական Վալադաոն: