24.11.2024
Անկախ ՌԴ կամ ԱՄՆ հետ կապերից՝ ՀՀ-ն պաշտպանական հարցերում ինքնուրույն պետք է լինի. դեսպան
prev Նախորդ նորություն

Չնայած գրասենյակի փակմանը՝ ՀՀ-ԵԱՀԿ համագործակցությունը կպահպանվի բարձր մակարդակի վրա

 


Հայաստանի իշխանությունները ցանկություն և քաղաքական կամք դրսևորեցին պահպանելու ԵԱՀԿ հետ համագործակցության այս կարևոր գործիքը: Սակայն, չնայած հայկական կողմի, ԵԱՀԿ գերմանական և ավստրիական նախագահությունների և մասնակից պետությունների ու ԵԱՀԿ Քարտուղարության գործադրած ջանքերին և ցուցաբերած աջակցությանը, ցավոք, հնարավոր չեղավ երկարաձգել գրասենյակի մանդատը ԵԱՀԿ մեկ մասնակից պետության՝ Ադրբեջանի կողմից կոնսենսուսի սկզբունքի չարաշահման պատճառով: Ադրբեջանը Բաքում ԵԱՀԿ գրասենյակը փակելուց հետո վարում է Հարավային Կովկասում ԵԱՀԿ դաշտային ներկայության վերացման հստակ ու հետևողական քաղաքականություն: Այս մասին հայտարարել  է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը՝ ԵԱՀԿ Երևանի գրասենյակին նվիրված ընդունելությանը նվիրված իր ելույթում։


Փոխնախարարը ներկայացրել է Երևանի գրասենյակի ավելի քան մեկուկես տասնամյակ տևած գործունեությունը՝ նշելով, որ գրասենյակն իր հիմնադրման օրվանից հանդիսացել է կարևոր գործընկեր Հայաստանի կառավարության համար ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդկային հարթություններում մեր երկրի հանձնառությունների իրականացման գործում: Հայաստանի իշխանությունները ստեղծել են բոլոր պայմանները գրասենյակի նախանշած ծրագրերի իրականացման համար:


«Գրասենյակի կողմից իրականացված ծրագրերը, որոնք հիմնված էին ընդունող երկրի կարիքների ու առաջնայնությունների վրա, մեծ նպաստ են ունեցել Հայաստանի պետական ինստիտուտների կարողությունների ամրապնդման, անվտանգության ոլորտի, տնտեսական, դատաիրավական բարեփոխումների առաջմղման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, բնապահպանական խնդիրների հասցեագրման, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ամրապնդման ու բազմաթիվ այլ ոլորտներում: Հայաստանի իշխանությունների և Երևանի գրասենյակի միջև համագործակցության բարձր մակարդակը և իրականացված ծրագրերի արդյունավետությունը մշտապես դրվատանքի խոսքերի են արժանացել ԵԱՀԿ մասնակից պետությունների կողմից ու հանդիսացել այլ երկրների համար լավագույն փորձառության օրինակներ»,- ասել է նա:


Աշոտ Հովակիմյանի խոսքով, Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում Երևանի գրասենյակի ներկա և նախկին ղեկավարների ու իրենց փորձառու և բարձր մասնագիտական որակներ ունեցող անձնակազմի կատարած աշխատանքը և նվիրվածությունը:


«Չնայած գրասենյակի փակմանը, Հայաստանի իշխանությունները մտադիր են բարձր մակարդակի վրա պահպանել Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությունը: Մենք հավատարիմ ենք ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած հանձնառություններին և պատրաստակամ ենք շարունակել գրասենյակի ծրագրերի իրականացումը, հանուն մեր երկրի հետագա զարգացման»,- հավելել է նա:


Հիշեցնենք, մայիսի 4-ին հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել՝ պայմանավորված Ադրբեջանի դիրքորոշմամբ և գրասենյակը կփակվի առաջիկա ամիսներին։