Մինսկի խումբը սեփական քաղաքական դեմքը փրկելու խնդիր ունի. Աշոտյան
ԵԱՀԿ Մինսկի խումբը, միջնորդ կազմակերպություններն ունեն սեփական քաղաքական դեմքը փրկելու պարտավորություն, որովհետև անհնար է դիմանալ կամ չտեսնելու տալ Ալիևի ռեժիմի կողմից տարվող արկածախնդրությունը, որը ոչ միայն Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ, այլև միջազգային հեղինակավոր կառույցի վստահելիությանն է ուղղված: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողներին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով վաղը Ավստրիայում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Աշոտյանի խոսքով՝ այս իրավիճակը արժանահավատ չի դարձնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային կշիռը, ինչը թե՛ Հայաստանի, թե՛ հենց ՄԽ համանախագահների համար կարևոր հարց է.
«Որքա՞ն կարելի է հանդուրժել անպատասխանատու և արկածախնդիր պահվածքն այն դեպքում, երբ այն ուղեկցվում է մարդկային զոհերով: Բանակցային գործընթացի ընթացքը ցույց է տալիս, որ միջազգային հանրության ու, մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահներից ակնկալվում են ոչ թե գործուն ջանքեր, այլ արդյունավետ պարտադրանք Ադրբեջանին վերադառնալու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Առանց բանակցային և տարածաշրջանային մթնոլորտի վերականգնման հնարավոր չէ խոսել խնդրի կարգավորման առարկայական դետալների մասին. այսօր բանակցություններ են բանակցությունների վերականգնման մասին»,- նշեց նա:
Արմեն Աշոտյանն ընդգծեց՝ անվտանգության ռեժիմի պահպանումը, ՄԽ կողմից հավանության արժանացած մանդատի ընդլայնման, վերահսկողական մեխանիզմների, մոնիթորինգի և սահմանային միջադեպերը կանխող կամ լարվածության դեպքում մեղավոր կողմին դե յուրե բացահայտող մեխանիզմների գոյությունը պարտադիր պայման են բանակցություններին վերադառնալու համար: Առավել ևս, դա կարևոր է, քանի որ Բաքվի նպատակներից մեկն է դադարեցնել դիվանագիտական բանակցային գործընթացը` լեգիտիմացնելու զանգվածային կերպով ռազմական գործողություներ վերսկսելու սեփական ցանկությունը: Բայց, հավաստիացրեց նա, հայկական կողմը հետևողականորեն օրակարգում է պահելու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման գործընթացը և, ըստ Աշոտյանի, Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը հնարավորություն է տալիս վերադառնալու գործընթացի կառուցողական հունին:
Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին ավստրիական Մաուէրբախում: