Ռոհանին ԱՄՆ-Սաուդյան Արաբիա զենքի գործարքի մասին. «Մենք այդ զենքից կարդադրենք»
Իրանի նախագահի պաշտոնում վերընտրված Հասան Ռոհանի
Իրանի նախագահի պաշտոնում վերընտրված Հասան Ռոհանին ուղիղ եթերում պատասխանել է տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին, հայտնում է panorama.am կայքը:
Ամերիկյան «CBS» հեռուստաալիքի լրագրողի այն հարցին, թե Իրանը պատրաստվո՞ւմ է ավելացնել ռազմական բյուջեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սաուդյան Արաբիան 100 միլիարդ դոլարի զենք պետք է գնի ԱՄՆ-ից, Հասան Ռոհանին պատասխանել է. «Սաուդյան Արաբիան իրանաիրաքյան պատերազմի ժամանակ մի անգամ միլիարդավոր դոլարի զենք տրամադրել է Սադդամ Հուսեյնին, ի՞նչ եղավ, ի՞նչ արդյունք տվեց: Սաուդյան Արաբիան որոշել է, որ իր գումարները լցնի ամերիկացիների գրպանը: Սաուդյան Արաբիան զենք է գնում, մենք այդ զենքից կարդադրենք»:
Իրանի նախագահը, անդրադառնալով նախօրեին Սաուդյան Արաբիայում կազմակերպված իսլամական-արաբական-ամերիկյան համաժողովին և ԱՄՆ նախագահի հայտարարությանը, թե Իրանն աջակցում է ահաբեկչական խմբավորումներին, մասնավորապես ասել է. «Սաուդյան Արաբիայում կազմակերպված ցուցադրական համաժողովների միջոցով չէ, որ պետք է պայքարել ահաբեկչության դեմ: Պետք է հստակ ասել, թե ո՞ր երկրներն են այս տարիների ընթացքում ահաբեկչության դեմ, և որ ուժերն են աջակցել ահաբեկիչներին: Իրանը Սիրիայի ու Իրաքի հետ միասին այս տարիների ընթացքում պայքարել է ահաբեկչության դեմ: Առանց Իրանի՝ տարածաշրջանում հնարավոր չէ կայունություն հաստատել»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սաուդյան Արաբիա կատարած այցի արդյունքում երկու պետությունները կնքել էին 110 մլրդ դոլարի հասնող ռազմական համաձայնագիր:
Բացի այդ այդ այցի շրջանակներում ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան մայիսի 21-ին ստորագրել են ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համատեղ կենտրոն ստեղծելու մտադրությունների մասին: Նշվում է, որ այդ կառույցի խնդիրների շարքում է լինելու «ծայրահեղականների ֆինանսական ցանցի մասին տեղեկատվության բացահայտումը», դրանց վերացմանն ուղղված ջանքերի համակարգումը, ինչպես նաեւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարող երկրներին աջակցության տրամադրումը: