22.11.2024
ԱՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց
prev Նախորդ նորություն

Սև կատուն մնաց մութ սենյակում. Կարեն Կարապետյանը բողոքում է՝ իր իրավունքները ոտնահարում են

Թեև ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը ՀՀԿ ԳՄ նիստի նախօրեին հայտարարել էր, թե ինքն իրեն ԱԺ նախագահի պաշտոնում չի տեսնում, թեև ամենահավանական թեկնածուն այդ պաշտոնի համար համարվում էր հենց ինքը, այդուհանդերձ մինչ այս պահը ինտրիգը շարունակվում է պահպանվել. ի վերջո, իրեն այդ պաշտոնն առաջարկվե՞լ է, նա՞ է իսկապես հրաժարվել, թե՞ երկրի ղեկավարը իր անձը ի սկզբանե չէր էլ նախատեսել և ամենը մամուլի ֆանտազիան էր:


Երեկ, հիշեցնենք, նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստն էր և օրվա ընթացքում խորհրդարանն ԱԺ նախագահ ընտրեց Արա Բաբլոյանին: Շատերի համար անսպասելի ու ոչ պակաս ինտրիգային ընտրություն, որի վրա կանգ առավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ռուսաստանի միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրը այս խորհրդարանում էլ կլինի շարքային պատգամավոր, ինչպես և նախորդում էր, թեև նրան ավելի բարձր պաշտոնում ուզում էր տեսնել ոչ միայն եղբայրը՝ Սամվել Կարապետյանը, այլև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:


Ինքը պատգամավորը, հրաժարվում է բացահայտել իրողությունը՝ առաջարկ եղել է, թե ոչ: Այսօր նա անգամ մեղադրեց լրագրողներին իր իրավունքները նման հարցերով ոտնահարելու համար.


«Վերջ տվեք: Արդեն ոտնահարում եք իմ իրավունքները»,- երբ երկրորդ անգամ հնչեց հարցը նյարդայնացած արձագանքեց նա: Ավելին լսել նրանից չհաջողվեց և ենթադրելի է, որ Կարեն Կարապետյանն ավելի չի էլ ասի, միայն կշարունակի քննադատել իշխանություններին, ինչ նախկինում բազմիցս է արել, թեև ներկայացնում է նույն իշխանությունները և ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչներից է:


Նշենք նաև, որ ԱԺ նախագահի պաշտոնի համար երկու հավանական թեկնածուի անուն էր շրջանառվում՝ Կարեն Կարապետյան և Էդուարդ Շարմազանով: