Առաջադրվել է երկու թեկնածու. ՀՀ Ազգային ժողովը նախագահ է ընտրում
Այս պահին վեցերորդ գումարման Ազգային ժողովը քննարկում է խորհրդարանի նախագահի ընտրության հարցը։ Առաջադրվել է երկու թեկնածու ՝ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանը և «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար, պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանից՝ արդյունավետ աշխատանքի համար: Նա համոզված է, որ Ազգային ժողովը կօգտագործի Գալուստ Սահակյանի փորձը եւ համատեղ համագործակցությունը՝ ավելի արդյունավետ աշխատելու համար, հայտնում է armtimes.com-ը:
Այնուհետեւ նա խոսեց ՀՀԿ թեկնածուի մասին: «Այժմ մեր թեկնածուի մասին: Արա Բաբլոյանը հանրությանը հայտնի անձնավորություն է՝ որպես մասնագետի, բժշկի առաջին հերթին, բավականին փորձ ունի ե´ւգործադիր մարմնում, ե´ւ Ազգային ժողովում»,- ասաց նա:
Հատկանշական է, որ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր հերթին տեղեկացրեց, որ դաշինքն առաջարկում է Էդմոն Մարուքյանի թեկնածությունը:
ՀՀ ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը վարում է Կնյազ Հասանովը: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների անունից՝ երկրի օրենսդիր մարմնում ներկայացված լինելու համար: «Այսօր ինձ համար շատ ուրախ, միաժամանակ պատվաբեր ու պատասխանատու պահ է: Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների անունից շնորհակալություն եմ հայտնում իմ հայ ժողովրդին, Հայաստանի իշխանություններին՝ ի դեմս հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանի՝ երկրի օրենսդիր մարմնում ներկայացված լինելու համար», - ասաց նա:
Վեցերորդ գումարման Ազգային ժողովի նիստին ելույթով հանդես եկան Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
ԱԺ ապրիլի 2-ին ընտրությունների արդյունքում, 6-րդ գումարման խորհրդարանի 105 պատգամավորական տեղերից 58-ը բաժին է հասել ՀՀԿ-ին, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքին, 9-ը՝ «Ելք»-ին, 7-ը՝ ՀՅԴ-ին: ԱԺ նախագահի ընտրությունը տեղի կունենա այսօր: