8.09.2026
Լուսանկարը` Radio Aurora
prev Նախորդ նորություն

Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև ընդլայնվող համագործակցության հարցեր

Սեպտեմբերի 7-ին Ռիգայում Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին:


Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև ընդլայնվող համագործակցության հարցեր, ինչն արտահայտվում է թե՛ վերջին շրջանի բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկայով, թե՛ հետևողականորեն զարգացող օրակարգով:


Արարատ Միրզոյանը և Էդգարս Ռինկևիչսը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև գործընկերության զարգացման կոնկրետ հնարավորությունների շուրջ՝ առանձնահատուկ շեշտադրելով առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական կապերի դիվերսիֆիկացման, ինչպես նաև հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ հասանելիության մեծացման մեխանիզմներին։


Հանգամանալից քննարկվել է նաև ՀՀ-ԵՄ խորացող գործընկերության օրակարգը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լատվիայի շարունակական աջակցությունը Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգի առաջմղմանը։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է ընթացիկ տարվա մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հաջող անցկացումը Երևանում։


Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը Լատվիայի նախագահին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում բացված տնտեսական, փոխկապակցվածության զարգացման նոր հնարավորությունները, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Լատվիայի փոխգործակցությանը, այդ թվում՝ հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում:

Հայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Oliver Matthys / EPA / TASS
07.09.2026
Եվրահանձնաժողովը գնահատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման հեռանկարները