Կերկարաձգվի պատերազմում անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների աջակցությունը
Լուսանկարը` meduza.io
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել շարունակել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով անհետ կորած քաղաքացիական անձանց հարազատներին տրամադրվող ֆինանսական օգնությունը։
Սոցիալական այս ծրագիրը կներառի ընթացիկ տարվա ամառային և աշնանային ամիսները՝ ապահովելով պետական հոգածության շարունակականությունը։
Սեպտեմբերի 3-ի գործադիրի նիստում հաստատված որոշման համաձայն՝ պետական բյուջեից կհատկացվի 7,2 միլիոն դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված այս նախաձեռնությունը նպատակաուղղված է ութ ընտանիքի սոցիալական կարիքների բավարարմանը։ Նախատեսվում է, որ յուրաքանչյուր ընտանիք 2026 թվականի հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար կստանա ամսական 300 հազար դրամ ֆինանսական աջակցություն: Շահառուները կարող են դիմումներ ներկայացնել մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ։
Պահանջվող գումարը տրամադրվելու է անապահով խավերի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների ծրագրի միջոցների վերաբաշխման հաշվին: «Այս փոփոխության արդյունքում տարեկան կտրվածքով կկրճատվի նպաստառու ընտանիքների միջին թիվը 13-ով, իսկ շահառու անդամներինը՝ 25-ով», - ասվում է կառավարության որոշման պաշտոնական հիմնավորման մեջ: