27.07.2026
Լուսանկարը` vietnam.vn
prev Նախորդ նորություն

Ստամբուլի 250-ամյա Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին վերաբացվում է

Լուսանկարը` Dost Beykoz
Լուսանկարը` Dost Beykoz

Շուրջ մեկ տարի տևած վերականգնողական աշխատանքներից հետո Ստամբուլի Բեյքոզ շրջանի պատմական Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին պատրաստվում է կրկին ընդունել հավատացյալներին: Այս տարի 1776 թվականին կառուցված բացառիկ ճարտարապետական հուշարձանը նշում է իր հիմնադրման 250-ամյակը։


Ինչպես հաղորդում է Ստամբուլի կյանքը լուսաբանող թուրքական շրջանային «Dost Beykoz» պարբերականը, նորացված սրբավայրի հանդիսավոր բացումը տեղի կունենա օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում: Եկեղեցական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկած վերանորոգման գործընթացն իրականացվել է ճարտարապետ Նազար Բինաթլըի ղեկավարությամբ և ինժեներ-շինարար Էրոլ Յումլյուի համակարգմամբ։


Անցած մեկ տարվա ընթացքում կատարվել է հսկայական աշխատանք, որը թույլ է տվել ոչ միայն արդիականացնել ենթակառուցվածքները, այլև վերականգնել կառույցի նախնական պատմական տեսքը։


Վերակառուցման ընթացքում մասնագետներն ամբողջությամբ նորացրել են էլեկտրական և ջրամատակարարման ցանցերը, ինչպես նաև հիմնանորոգել են տանիքը։ Հիմնվելով հին արխիվային լուսանկարների վրա՝ ռեստավրատորներն ապամոնտաժել են բետոնե զանգակատունն ու թիթեղյա պատուհանները՝ դրանք վերստեղծելով փայտից՝ բնօրինակին խիստ համապատասխան: Հատուկ ուշադրության է արժանացել ներքին հարդարանքը. վարպետ Էրհան Թանյըլդըզըն խնամքով վերականգնել է եզակի սադափե խորանը։


Միաժամանակ, հին նստարանները որպես նվիրատվություն փոխանցվել են Քանդիլլիի Սուրբ Երկոտասան Առաքելոց եկեղեցուն, իսկ Բեյքոզում տեղադրվել են բոլորովին նորերը: Լայնածավալ բարեկարգման է ենթարկվել նաև հարակից տարածքը, որն այժմ սալապատված է բնական քարերով և կանաչապատված է նոր մարգագետիններով։


Բացման արարողությունը կանցկացվի երկու փուլով։ Ուրբաթ օրը՝ օգոստոսի 7-ին, Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հանդիսապետությամբ տեղի կունենա եկեղեցու օծման կարգը։ Իսկ կիրակի՝ օգոստոսի 9-ին, կմատուցվի վերանորոգումից հետո առաջին Սուրբ Պատարագը, որի ընթացքում հոգևոր երգերը կհնչեն Ֆերիքյոյի հայտնի «Վարդանանց» երգչախմբի կատարմամբ։


Հիմնադրամի ղեկավարությունն ընդգծում է, որ նորացված համալիրը կդառնա ոչ միայն աղոթատեղի, այլև Բեյքոզի հասարակական կյանքի կարևոր կենտրոն, որտեղ ընդարձակ ու բարեկարգ բակային տարածքում կկազմակերպվեն պսակադրություններ, մկրտություններ և երիտասարդական տարաբնույթ միջոցառումներ: