24.11.2024
«ԱՄՆ-ն և Ռուսաստանը ոչ մի հարց չեն լուծել». Թիլերսոնը՝ մոսկովյան այցի մասին
prev Նախորդ նորություն

Սամվել Ֆարմանյանը ԵԽԽՎ նախագահին համեմատեց ավանակի հետ

Պեդրո Ագրամունտը ընտրեց մինչև վերջ իրեն խայտառակելու տարբերակը՝ այսօր առավոտյան չներկայանալով ԵԽԽՎ բյուրոյի նիստին և չներկայացնելով իր հրաժարականը, ինչպես խոստացել էր: Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սալվել Ֆարմանյանը:


Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում, ԵԽԽՎ Բյուրոն ստիպված էր կայացնել նրան դե ֆակտո իմփիչմենթի ենթարկելու ստորացուցիչ և աննախադեպ որոշում: Ֆարմանյանի տեղեկացմամբ, Բյուրոյում այդ որոշմանը կողմ են արտահայտվել բոլոր պատգամավորները՝ թվով 27-ը, իսկ ձեռնպահ են քվեարկել երեք պատգամավոր՝ Իսպանիայից և Ադրբեջանից:


Նշենք, որ Ագրամունտը Իսպանիայից է, իսկ Ադրբեջանի աջակցությունը, թերևս, պայմանավորված է այն բոլոր մութ գործարքներով, որոնցում Ագրամունտին ևս մեղադրում են: Սակայն, ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, ԵԽԽՎ նախագահի հրաժարականի պահանջը հասունացրել էր ոչ թե այն հանգամանքը, որ իր անունը բազմաթիվ անգամներ շրջանառվել է կոռուպցիոն սկանդալներում, այլ քանի որ նա մարտին ՌԴ Պետական դումայի պատգամավորների հետ մեկնել էր Սիրիա, թեև ԵԽԽՎ-ն իրեն չէր գործուղել:


«Որպես ստեղծված ամոթալի իրավիճակի իրավական հանգուցալուծում՝ հունիսյան նստաշրջանի առաջին իսկ օրը փոփոխության կենթարկվի ԵԽԽՎ կանոնակարգը և կնախատեսվի հատուկ դրույթ՝ Պեդրո Ագրամունտին արդեն դե յուրե հեռացնելու ԵԽԽՎ նախագահի պաշտոնից, եթե, իհարկե, մինչ այդ նա շարունակի հայտնի կենդանու համառությամբ չներկայացնել իր հրաժարականը: Մինչ այդ, մայիսին Պրահայում տեղի կունենա ԵԽԽՎ ԵԺԿ խմբակցության արտահերթ նիստ՝ քննարկելու այս խայտառակագույն ու աննախադեպ իրավիճակը: Իսկ ԵԺԿ-ն հատուկ նիստ կհրավիրի Բրյուսելում՝ քննարկելու Պեդրո Ագրամունտի ամոթալի վարքագիծը»,- հավելել է Սամվել Ֆարմանյանը:


Ավելի վաղ VERELQտեղեկացրել էր, որ Բյուրոյում արվել է հայտարարություն, որ Ագրամունտն այլևս իրավունք չի ունենա ներկայացնել ԵԽԽՎ-ն, հայտարարություններ անել վեհաժողովի անունից, քանի որ չի կատարել այն, ինչ խոստացել էր՝ հրաժարականի դիմում ներկայացնել և ներկայանալ Բյուրոյի նիստին: Սակայն ԵԽԽՎ-ն չունի որևէ ընթացակարգ, որը նախագահի ետկանչ է ապահովում, հետևաբար Ագրամունտը կմնա այդ պաշտոնում՝ սահմանափակված լիազորություններով. անունով վեհաժողովի նախագահ, լիազորություններով՝ առ ոչինչ: