Վերջին ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի լեքսիկոնը, բառապաշարը բացառապես հիմնված է սպառնալիքների, անձնական բնույթի վիրավորանքների, քաղաքական օպոնենտների հետ հաշվեհարդար տեսնելու վրա: Ակնհայտ է, որ քաղաքական բանավեճի որևէ տարր նրանց կողմից իրականացվող քարոարշավը չի պարունակում: Այս մասին ասուլիսում հայտարարել է ԲՀԿ նախագահի խոսնակ, պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը՝ ամփոփելով նախընտրական քարոզարշավի հերթական շաբաթը:
"Ականատեսն ենք գռեհիկ հռետորաբանությանը, ոչ պարկեշտ խոսույթին, սպառնալիքներին: Ցավալի է, քարոզարշավի առաջին օրվանից սկսած մենք բոլորին կոչ էինք անում հանդես գալ կառուցողական դաշտում, բայց ակնհայտ է, որ նրանք շարունակում են ոչ քաղաքական այս գործելաոճը: Բոլոր ուժերը այս օրերին օգտագործում են քաղաքացիներին իրենց թեզերն ու ծրագրերը ներկայացնելուն, մինչդեռ ՔՊ-ն ու Փաշինյանը քարոզարշավը տեղափոխել են սպառնալիքների դաշտ: Հատկապես Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամներին թիրախավորելու ու վիրավորելու դաշտ: Նրանք հասկանում են, որ հողը իրենց տակից փախչում է, բայց այս գործելաոճը ևս ձեզ չի փրկելու՝ ՀՀ քաղաքացիները հունիսի 7-ին վերջ է դնելու այս բեսպրեդելին",- ասաց Տոնոյանը:
Նրա խոսքով, իրենք պատրաստ էին այս ամենին, գիտեին, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքական բռնաճնշումները էլ ավելի են ուժգնանալու և ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն հրաժարվելու են քաղաքակիրթ գործելաոճից: Այս ողջ ընթացքում պետական և վարչական ռեսուրսը լծված է ընդդիմախոսներին լռեցնելուն, ասաց Տոնոյանը, հատկապես ԲՀԿ իրենց թիմակիցներին: Որպես օրինակ բերեց նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, պատգամավոր Մարտուն Գրիգորյանի նկատմամբ գործընթացները.
"Մենք շարունակելու ենք մեր կառուցողական գործելաոճը, չենք շեղվելու մեր նախանշած ճանապարհից, քանի որ մեզ համար սկզբունքային է մեր հայրենակիցներին հասցնել մեր քաղաքական տեսակետն ու ԲՀԿ տեսլականը: Բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդներով իշխանությունն այս օրերին այլանդակ քարոզարշավ է իրականացնում և սա ցավով եմ արձանագրում, քանի որ բացարձակ անընդունելի է քաղաքական ընդդիմախոսների հետ այս լեզվով խոսելը: Որքան էլ շարունակվեն տարատեսակ անհավասարակշիռ դրսևորումները, մենք մեր ճանապարհից չենք շեղվելու, թեև հասկանում եմ, որ այս հավասարակշիռ պահվածքը ազդում է մարդկանց վրա: Հունիսի 7-ից հետո կյանք կա, և իրականում մենք պահպանելու ենք մեր մակարդակը, իսկ նրանք, ովքեր հանդես են գալիս նման խոսույթով, զղջալու են դրա համար":
Իվետա Տոնոյանը նաև ցավով արձանագրեց նախօրեին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված մի տեսանյութին, որը վերաբերում է Գագիկ Ծառուկյանի ընտանիքին և որը նա որակեց ծայրից ծայր զրպարտություն.
"Շատ ցավում եմ, որ Հանրային հեռուստաընկերությունն իրեն դրել է "Հայկական ժամանակի" դուստր ձեռնարկության տեղ (Նիկոլ Փաշինյանի ընտանիքի օրաթերթ- խբ.), իրապես ցավում եմ, որովհետև Հանրայինը մեր բոլորիս հարկերից սնվող լրատվամիջոց է: Մենք գնալու ենք իրավական ճանապարհով, մեր փաստաբանները արդեն իսկ նախապատրաստում են դատական հայց զրպարտության մասով",- տեղեկացրեց Իվետա Տոնոյանը՝ ևս մեկ անգամ հորդորելով իշխանությանը վերադառնալ կառուցողական դաշտ: