Ընտրություն չկա, բայց ՀԾԿՀ ղեկավարն արդեն գովում է ԱՄՆ «թղթե» ԱԷԿ-ը
Լուսանկարը` factor.am
Մինչ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես դեռևս չի կողմնորոշվել նոր ատոմակայանի կառուցման գործընկերոջ հարցում, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է միայն գործող խորհրդային ռեակտորի շահագործումը մինչև 2036 թվականը (ևս 10 տարով հնարավոր երկարաձգմամբ) ապահովելու մասին, ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն արդեն բացահայտ լոբբինգ է անում դեռևս չփորձարկված ամերիկյան տեխնոլոգիաների օգտին։
Պաշտոնյան «լեգոյի» սկզբունքով հավաքվող և առայժմ հիմնականում թղթի վրա գոյություն ունեցող այդ կայաններն անվտանգ է համարում՝ անտեսելով Հայաստանը փորձադաշտ դարձնելու վերաբերյալ մասնագիտական մտավախությունները։
Փետրվարի 16-ին կայացած ասուլիսում պաշտոնյան հայտարարել է, որ չնայած ուսումնասիրվում են նաև Ռուսաստանի, Չինաստանի, Կորեայի և Ֆրանսիայի առաջարկները, ամերիկյան նախագծվող մոդուլային կայաններն իրենց պասիվ անվտանգության համակարգերով առավել գրավիչ են Հայաստանի էներգետիկ համակարգի համար։
ՀԾԿՀ ղեկավարը որպես հիմնական առավելություն մատնանշել է այն հանգամանքը, որ ամերիկյան մոդուլային ռեակտորները վթարային իրավիճակներում չեն պահանջում մարդկային միջամտություն սառեցման համար։ Բացի այդ, սարքավորումների հիմնական մասը արտադրվելու է գործարանային պայմաններում և տեղում հավաքվելու է «լեգոյի սկզբունքով», ինչը բարձրացնում է անվտանգության դասը։
Մեսրոպյանը հերքել է այն մտավախությունները, թե Հայաստանը փորձադաշտ է դառնալու՝ նշելով, որ աշխարհի 15 երկրում արդեն իսկ նախագծման փուլում են 51 նմանատիպ կայաններ։ Նրա խոսքով՝ փոքր մոդուլների առկայությունը թույլ կտա խուսափել ատոմակայանի հարկադիր բեռնաթափումից արևային կայանների ակտիվ աշխատանքի ժամերին, ինչն այսօր լուրջ խնդիր է գործող խոշոր կայանի պարագայում։
Այնուամենայնիվ, նոր հզորությունների կառուցումը դեռևս քննարկումների փուլում է, և պաշտոնական Երևանը չի շտապում վերջնական ընտրություն կատարել։ Այս պահին օրակարգային է գործող ենթակառուցվածքի պահպանումը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանն այժմ քննարկում է միայն գործող ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու հարցը, ինչպես նաև դիտարկում է դրանից հետո ևս 10 տարով այն շահագործելու հնարավորությունը։