Զորացրվողներին՝ մինչև 3 մլն դրամ. պատգամավորն առաջարկում է «հատուկ ֆոնդ» ստեղծել
Լուսանկարը` parliament.am
Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է զգալի ֆինանսական աջակցություն տրամադրել ժամկետային զինծառայությունն ավարտած յուրաքանչյուր քաղաքացու՝ առանց պետական բյուջեի վրա բեռ ավելացնելու։
Ըստ պատգամավորի ծրագրի՝ պետք է ստեղծվի զինվորների հատուկ ֆոնդ, որտեղ կուտակված գումարները տարվա վերջում հավասարաչափ կբաշխվեն զորացրվողների միջև՝ կազմելով 1,5-ից մինչև 3 միլիոն դրամ, ինչը երիտասարդների համար կարող է ծառայել որպես մեկնարկային կապիտալ կրթության կամ սեփական գործի համար։
Ֆոնդի գոյացման հիմնական աղբյուրը, ըստ Սարգսյանի, պետք է լինեն զինվորական ծառայությունից խուսափած կամ քաղաքացիության հետ կապված գործընթացներում վճարումներ կատարող անձանց միջոցները։
Պատգամավորը նշել է, որ 27 տարին լրացած և ծառայությունից խուսափած քաղաքացիների՝ 15 միլիոն դրամ վճարելու և քրեական պատասխանատվությունից ազատվելու մասին գործող օրենքն արդեն ապահովել է ավելի քան 2 միլիարդ դրամի մուտքեր, որոնք, նոր քաղաքացիների վճարումների հետ միասին, պետք է ուղղվեն բացառապես զինվորներին։
Նախաձեռնությունը նախատեսում է նաև նոր կարգավորումներ 18-27 տարեկան անձանց համար։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել 15 միլիոն դրամ վճար քաղաքացիությունից հրաժարվելու համար՝ կանխելու մինչև 18 տարեկան տղաների արտահոսքը իրավական դաշտից, ինչպես նաև հնարավորություն տալ հետախուզման մեջ գտնվող երիտասարդներին վճարովի հիմունքներով և կրճատված ժամկետով ծառայելու միջոցով վերադառնալ հայրենիք։
Սարգսյանի համոզմամբ՝ որքան շատ լինեն վճարողներն ու վերադարձողները, այնքան ավելի մեծ գումար կստանան պարտադիր ծառայությունն իրականացնող զինվորները։