Հայաստանը դուրս է գալիս սպառազինության միջազգային շուկա. տրվել են արտահանման լիցենզիաներ
Լուսանկարը` hightech.gov.am
Հայկական ընկերություններն սկսում են ռազմական արտադրանքի արտահանումը՝ զուգահեռաբար ներդնելով ամերիկյան առաջատար տեխնոլոգիաներ։
Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը սեփական զինված ուժերի սպասարկումից անցում է կատարում դեպի արտահանման ռազմավարության։ Ինչպես փետրվարի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, տեղական մի քանի ընկերություններ առաջին անգամ ստացել են ռազմական նշանակության արտադրանքի արտահանման թույլտվություն։
Սա հնարավոր է դարձել 2023-2025 թթ. իրականացված շուրջ 172 մլրդ դրամի պետական պատվերների շնորհիվ, որոնք թույլ են տվել արտադրողներին հզորացնել տեխնոլոգիական հնարավորությունները։ Արտահանման լիցենզիաները տրամադրվել են քաղաքական և տնտեսական ռիսկերի գնահատումից հետո, իսկ անվտանգային նկատառումներով ուղղություններն ու արտադրատեսակները չեն հանրայնացվում։
Սեփական արտադրության զարգացմանը զուգահեռ, Հայաստանը խորացնում է տեխնոլոգիական գործակցությունը ԱՄՆ-ի հետ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան կատարած այցի շրջանակում հայտարարվել է 11 մլն դոլարի Shield AI ընկերության V-BAT հետախուզական ԱԹՍ-ների ձեռքբերման մասին։ Նախարար Հայրապետյանի պարզաբանմամբ՝ ներմուծման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ տեղական շուկան դեռևս չունի նմանատիպ բարդության լուծումներ։
Այդուհանդերձ, ամերիկյան ընկերության հետ համագործակցությունը դիտարկվում է որպես գիտելիքի և փորձի փոխանակման հարթակ, ինչը հետագայում կնպաստի հայկական ռազմական արտադրանքի մրցունակության բարձրացմանը միջազգային ասպարեզում։