Ավինյան. Հողի վարձակալությունը կփրկի ավտոտնակները քանդումից
Լուսանկարը` sputnik
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ինքնակամ ավտոտնակների տերերին առաջարկել է խուսափել շինությունների հարկադիր քանդումից՝ հորդորելով օրինականացման հայտերի փոխարեն կնքել հողի վարձակալության պայմանագրեր:
Փետրվարի 9-ի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետը պարզաբանեց, որ մայրաքաղաքի գլխավոր հատակագծի սահմանափակումների պատճառով նման կառույցների ճնշող մեծամասնության օրինականացումը իրավականորեն անհնար է: Ըստ Ավինյանի՝ դեպքերի 99%-ում ավտոտնակները գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա, ինչը քաղաքապետարանին պարտադրում է մերժել օրինականացման դիմումները և անցնել քանդման գործընթացին։
Որպես իրավական այլընտրանք՝ քաղաքապետը մատնանշեց վարչական շրջանների հետ վարձակալական պայմանագրերի կնքումը, ինչը թույլ կտա շարունակել շինությունների շահագործումը առանց օրենքի խախտման։ Նա ընդգծեց, որ խնդիրը վերաբերում է նաև այն ավտոտնակներին, որոնք չեն խոչընդոտում բակային բարեկարգմանը, սակայն ենթակա են քանդման օրինականացման մերժումից հետո:
Ավինյանը հանձնարարեց աշխատակազմին պատշաճ տեղեկացնել և ուղղորդել քաղաքացիներին դեպի վարձակալության գործընթաց՝ կանխելու համար գույքի հեռացումը այն դեպքերում, երբ համայնքի համար քանդման հրատապ անհրաժեշտություն չկա: